MediaHub-ն ուսումնասիրել է կառավարության նոյեմբերի 5-ի նիստի օրակարգը. նախագծերից մեկով նշվում է, որ 2025թ.-ի նոյեմբերի 29-ին ուժի մեջ է մտել «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր Կառավարության որոշումներ ընդունելու համար:
Այդ լիազորող նորմերից մեկը՝ նշված օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասն ուղղակի ամրագրում է, որ բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման և համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և աջակցության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
«Երեխայի իրավունքների մասին» նախկին օրենքում նախատեսված էր համապատասխան լիազորող նորմ, որը չէր ամրագրում հայտնաբերման գործառույթը, ինչը հիմք հանդիսացավ ոչ թե նոր որոշում գրելու, այլ առկա որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Երեխայի նկատմամբ բռնության դեպքի և բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումը և նրա մասին միջգերատեսչական տեղեկությունների փոխանակումն ապահովում է ուղղորդման գործընթացը: Մասնագետների միջամտության համար տեղեկատվության աղբյուր կարող են լինել երեխան, ծնողները (ծնողներից մեկը) կամ օրինական ներկայացուցիչը, մասնագետը (դաստիարակ, ուսուցիչ, համայնքային և տարածքային մարմնի պատասխանատու, քաղաքացի), իսկ միջամտության առիթ կարող են լինել բուժզննման արդյունքները կամ որևէ այլ լրացուցիչ տեղեկություն: Երեխաների ուղղորդումը, նրանց աջակցության տրամադրումը պետք է լինի կարիքահեն և իրականացվի անհրաժեշտ գնահատումներն իրականացնելուց հետո՝ հասցեական և նպատակային աշխատանք իրականացնելու միջոցով:
Նախագծով սահմանվում է համապատասխան մարմինների ու կազմակերպությունների աշխատողների և ծառայողների համար որոշակի գործողությունների համապարտադիրությունը երեխայի նկատմամբ բռնությունը հայտնաբերելու համար։ Մասնավորապես, նրանք՝
1. ուշադրություն են դարձնում երեխաների վարքագծային, հուզական, ֆիզիկական կամ սոցիալական փոփոխություններին և այլ նախազգուշացնող նշաններին, որոնք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ երեխայի նկատմամբ կատարվել է բռնություն․
2. ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում՝ ընտանիքում երեխայի առկայության դեպքում վարում են զրույց երեխայի հետ․
3. պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխայի հետ իրականացնում են բացատրական աշխատանքներ՝ կրթության իրավունքը չիրացնելու պատճառները պարզելու համար։
Միևնույն ժամանակ այդ մարմիններն ու կազմակերպությունները, ինչպես նաև երեխաների հետ առնչվող մասնագետներն իրենց իրավասությունների և մասնագիտական գործունեության շրջանակում ուշադրություն են դարձնում երեխայի նկատմամբ բռնության հնարավոր նշաններին, այդ թվում՝
1. երեխայի մարմնի վրա առկա վնասվածքներին, արյունազեղումներին, այտուցներին, սպիներին և ֆիզիկական վնասվածքի այլ նշաններին, ինչպես նաև դրանց առաջացման վերաբերյալ երեխայի կամ այլ անձանց ներկայացրած տեղեկություններին կամ բացատրություններին.
2. երեխայի վարքագծային, հուզական կամ սոցիալական վիճակի էական փոփոխություններին, այդ թվում՝ վախին, տագնապին, մեկուսացմանը, շփումից խուսափելուն, ագրեսիվ վարքագծին կամ այլ մտահոգիչ դրսևորումներին.
3. երեխայի նկատմամբ նվաստացնող, սպառնացող, վախեցնող կամ այլ անթույլատրելի վերաբերմունքի, ինչպես նաև վերահսկողության կամ ճնշման հնարավոր դրսևորումներին.
4. երեխայի խնամքի, անվտանգության և հիմնական կարիքների բավարարման հետ կապված այն հանգամանքներին, որոնք կարող են վկայել բռնության հնարավոր այլ ձևերի մասին.
5. երեխայի տարիքին և զարգացման մակարդակին անհամապատասխան վարքագծային դրսևորումներին, եթե դրանք կարող են վկայել բռնության կամ շահագործման հնարավոր դեպքի մասին.
6. թվային հարթակներում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ երեխայի նկատմամբ շանտաժի կամ երեխայի իրավունքները խախտող բովանդակության տարածման հնարավոր դեպքերը մատնանշող հանգամանքներին, ինչպես նաև այդպիսի դեպքերի վերաբերյալ երեխայի հաղորդումներին կամ մտահոգություններին.
7. երեխայի կողմից բռնության մասին ուղղակի կամ անուղղակի հաղորդումներին, ակնարկներին կամ օգնության դիմելու փորձերին.
8. երեխայի՝ կրթական հաստատություններ կամ մարզական կամ այլ միջոցառումներին հաճախելիության, առաջադիմության, սոցիալական հարաբերությունների կամ ընդհանուր բարեկեցության էական կամ կրկնվող փոփոխություններին։
Երեխաների կարիքների ընկալումը՝ նույնականացումը, գնահատումը և ուղղորդումը բազմամասնագիտական աշխատանք է, որը պահանջում է տարբեր մարմինների և ծառայությունների ջանքերի միավորում: Շատ կարևոր է, որ այս համատեղ աշխատանքը հիմնված լինի միասնական նպատակների և մոտեցումների վրա: Այդ նպատակով մի շարք երկրներում կիրառվում են երեխաների գործի վարման, ներառյալ հարցաքննության միասնական ուղեցույցներ, իսկ քննչական մարմինները կիրառում են այդ ուղեցույցների վրա հիմնված, իրենց ներքին կանոնակարգով սահմանված, երեխաների կարիքների գնահատման ընթացակարգ: Ընթացակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ քննչական մարմնի կողմից երեխայի նախնական կարիքների գնահատումը թույլ կտա վեր հանել առավել հրատապ խնդիրները և դրանց համապատասխան ուղղորդումներ կատարել: Ներկայումս շատ երկրներում կիրառում են միջոլորտային գործիքաշարեր, որոնք թույլ են տալիս միասնական չափորոշիչներով իրականացնել կարիքի գնահատումը:
Նախագծով առաջարկվում է՝
1. ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ, ինչը կապահովի համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգի արդյունավետ իրականացումը,
2. սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և դրանց տրամադրման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը,
3. հստակեցնել որոշման մեջ կիրառվող որոշ եզրույթներ և իրավական տեխնիկայի համատեքստում՝ համահունչությունն այլ իրավական ակտերի հետ:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման կարգը՝ համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման և աջակցության տրամադրման կարգերն արդյունավետորեն իրականացնելու համար՝ ամբողջականացնելով բռնության ենթարկված երեխայի ուղղորդման շղթան:
Մարիաննա Արամյան

Русский