MediaHub-ը ռեպորտաժ էր պատրաստել Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար գյուղում գյուղացիների վրա հասած պատուհասի մասին։
Գյուղի միջով հոսող Սևջուր գետը, չափազանց աղտոտված լինելու պատճառով, հունից դուրս է եկել և մեկ ամսից ավելի է՝ ողողել է գյուղացիների ցանքատարածությունները, դաշտերը, այգիներն ու անգամ ջերմոցները՝ ոչնչացնելով ամբողջ բերքը։ Այնինչ, դա գյուղացիների միակ ապրուստի միջոցն է. գյուղում այլ աշխատատեղեր չկան, և մարդիկ ապրում են իրենց աճեցրած բարիքը վաճառելով։
Գյուղացիները և Ռանչպար գյուղի վարչական ղեկավարը համոզված են, որ գետի աղտոտվելու հիմնական պատճառը մոտակայքում գործող ավազակոպճային խառնուրդի լվացման կայաններն են, որոնք լվացման արդյունքում գոյացած թափոնը լցնում են գետը։ Գյուղացիները մեզ հետ զրույցներում նաև նշել են, որ ավելի քան 30 տարի գետը պատշաճորեն չի մաքրվել ու բարձիթողի վիճակում է։
Վարչական ղեկավարի խոսքով էլ՝ գետը մաքրելու պատասխանատվությունը համայնքինը չէ, քանի որ դրա համար հսկայական ֆինանսական միջոցներ ու ռեսուրսներ են անհրաժեշտ, որոնց համայնքը չի տիրապետում։ Ըստ վարչական ղեկավար Վահան Վարդանյանի՝ պատասխանատուն պետական հասցեական գերատեսչություններն են, որոնք էլ իրենց գործառույթները չեն իրականացնում՝ խնդրի լուծումը մեկը մյուսի վրա գցելով։
MediaHub-ը՝ պարզելու համար, թե ի վերջո ո՞ր պետական կառույցը պետք է ստանձնի գետը մաքրելու պարտավորությունը և ո՞ր կառույցն է թերանում իր աշխատանքում, հարցումներ էր ուղարկել թե՛ Շրջակա միջավայրի նախարարություն, թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, թե՛ Ջրային կոմիտե։ Նախարարությունից տեղեկացրել էին, որ այդ խնդիրն իրենց իրավասության ներքո չէ, իսկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից խնդրել էին իրենց գրավոր դիմել։
Եվ միայն Ջրային կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աղունիկ Հովհաննիսյանն էր հայտնել, որ Ռանչպար բնակավայրի հարակից հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկացված է ինչպես ՏԿԵՆ Ջրային կոմիտեն, այնպես էլ խնդրին առնչվող մյուս պատասխանատու կառույցները։ Աղունիկ Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ «կարիքները շատ մեծ են, ներկայումս Ջրային կոմիտեն իրականացնում է ուսումնասիրություններ, ու համապատասխան ֆինանսական միջոցների ներգրավման պարագայում առաջնահերթության կարգով կանդրադառնա նաև այդ խնդրի լուծմանը»։
Այնինչ, 2024 թվականին Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից հետո, հնարավոր ռիսկերի նվազեցման նպատակով, Ջրային կոմիտեի նախաձեռնությամբ «Մելիորացիա» ՓԲԸ-ն 2025 և 2026 թվականներին իրականացրել է գետերի հուների մաքրման և հակահեղեղային միջոցառումներ Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում։ Նշված գետերն ընտրվել էին առաջնահերթության կարգով՝ հաշվի առնելով 2024 թվականի ջրհեղեղի հետևանքները և հետագա վարարումների ռիսկերը։
Ջրային կոմիտեի տված պարզաբանման մեջ խնդիրը ներկայացվել է որպես տեղումնառատ եղանակի հետևանք․ «Տեղումնառատ եղանակային պայմանների հետևանքով այս տարի հանրապետության մի շարք գետերում արձանագրվել է ջրի մակարդակի զգալի բարձրացում։ Ջրամբարներում կուտակված ջրի ծավալները նույնպես վերջին տարիների համեմատ աճել են, ինչը լրացուցիչ ազդեցություն է ունեցել ջրային համակարգերի ծանրաբեռնվածության վրա։ Միաժամանակ հարկ է նշել, որ գետերի վարարումները պայմանավորված են ոչ միայն հուների վիճակով, այլև այս տարվա բացառիկ առատ տեղումներով և ջրային մեծ հոսքերով»։
Այսօր ստացանք նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ուղղված մեր գրավոր հարցման պատասխանը, որով տեղեկացրել են, թե «Ռանչպար գյուղի վարչական տարածքում առկա է ավազակոպճային խառնուրդի լվացման երեք կայան, որոնք շահագործում են «Էլ-Ար Շին», «Վիէրալսու», «Թրիպլ Մայնինգ» ընկերությունները՝ իրենց տրված համապատասխան ջրօգտագործման թույլտվությունների առկայությամբ»։ Եվ ըստ պարզաբանման՝ հենց այդ թույլտվությունների 9-րդ կետի համաձայն՝ արտահոսքի կեղտաջրերի մաքրում չի պահանջվում։ Այսինքն՝ գետի ջուրն իրենց նպատակների համար օգտագործող ընկերությունների վրա գետը մաքրելու պարտավորություն չի դրվել։ Համենայն դեպս, այդպես է հասկացվում տեսչական մարմնի պարզաբանումից։
Նրանք կարող են անարգել աղտոտել ջուրը, իսկ Ջրային կոմիտեն, որն այս դեպքում, փաստորեն, ստանձնել է Հայաստանի գետերի ջրերի մաքրման գործառույթները, հայտարարում է, որ գումար չունի, ու դարձյալ չի կատարում իր պարտականությունը։ Սպասում են, թե կա՛մ օրերից մի օր ավելի մեծածավալ աղետ կլինի, ու արդեն կառավարության միջամտությամբ ստիպված կլինեն տեղից շարժվել, կա՛մ հաջորդ նախընտրական շրջանում իշխանությունները կորոշեն աջակցել նաև ռանչպարցիներին ու փող տրամադրել գետը մաքրելու համար։
Իսկ մինչ այդ Ռանչպար գյուղը, որն, ի դեպ, սահմանամերձ է, կշարունակի դատարկվել։ Իսկ գուցե սա՞ էլ է իշխանությունների դավադիր ծրագրերից՝ դատարկել գյուղը, որտեղ, գյուղացիների հավաստմամբ, ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիներ են բնակվել։
Թագուհի Ասլանյան

Русский