Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վերաքվեարկություն լինելո՞ւ է անվավեր ճանաչված երկու ընտրատեղամասերում․ պարզաբանում են ԿԸՀ-ից

Blog Image

Երեկ՝ հունիսի 11-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում, անդրադառնալով թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ N 8-Ա և թիվ 10-Ա որոշումներին, անվավեր է ճանաչել Նուբարաշեն թաղամասում գտնվող թիվ 10/51 և Սյունիքի Ագարակ գյուղում գտնվող թիվ 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները։
 
Հանձնաժողովը որոշել է այդ երկու տեղամասերում քվեարկության մասնակիցների՝ համապատասխանաբար 1287 և 1315 թիվն արձանագրել որպես անճշտությունների գումարային չափ և զրոյացնել: Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի նյութերը ԿԸՀ-ն ուղարկել է դատախազություն։
 
Ինչպես նիստի ժամանակ նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, այդ տեղամասերում թույլ տրված ընտրախախտումները կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա, այդ պատճառով էլ անվավեր են ճանաչվել։
 
ԿԸՀ-ի այս որոշումից հետո ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները և ԲՀԿ-ն հայտարարեցին, որ այդ որոշմամբ փաստացի Վահագն Հովակիմյանն ամեն ինչ արեց, որպեսզի իշխող ուժի համար հնարավորություն ստեղծի սահմանադրական մեծամասնությամբ անցնել խորհրդարան՝ խորհրդարանական ընդդիմությանը նորից զրկելով որևէ գործառույթ իրականացնելու և իշխանությանը հակակշիռ դառնալու հնարավորությունից։
 
Այդ ուժերի ներկայացուցիչները նշում են, որ երկու տեղամասերում միասին ԲՀԿ-ն ստացել էր 213 ձայն, որոնք քվեարկության արդյունքների նախնական հաշվարկների ժամանակ հաշվի չէին առնվել։ Վերահաշվարկի ժամանակ այդ ձայները վերականգնվել էին, ինչը հնարավորություն էր ստեղծում ԲՀԿ-ի համար հաղթահարել խորհրդարան անցնելու համար սահմանված 4 տոկոսի շեմը, քանի որ դրա համար կուսակցությանն ընդամենը 0,004 տոկոս ձայն էր պակասում։ Ինչն էլ, ըստ ընդդիմադիր ուժերի, դրդել է ԿԸՀ-ին նման քայլի գնալ՝ թույլ չտալով, որ խորհրդարան անցնեն երեք ընդդիմադիր ուժեր և ՔՊ-ին զրկեն սահմանադրական մեծամասնությունից։
 
Փաստացի ստացվում է, որ ընդդիմադիր ուժերն ահազանգում են այն մասին, որ խնդրահարույց ընտրատեղամասերում նորից ընտրություններ չեն անցկացվելու, և այդպիսով, օրենքների ու Սահմանադրության կոպիտ խախտումով, իշխանությունն իրեն ապահովելու է միանձնյա որոշումներ կայացնելու, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և հանրաքվե անցկացնելու հնարավորություն։
 
MediaHub-ը ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են տեղին ընդդիմության մտավախությունները՝ ի վերջո անվավեր ճանաչված ընտրատեղամասերում նորից ընտրություններ անցկացվելո՞ւ են, թե՞ ոչ։
 
Սեդա Ղուկասյանը դժվարացավ ասել՝ վերաքվեարկության որոշում կլինի՞, թե՞ ոչ. դա կորոշվի կիրակի օրը՝ քվեարկությունների արդյունքների վերջնական ամփոփման ԿԸՀ նիստի ժամանակ։ Նա չբացառեց, որ հնարավոր է նաև որոշում կայացվի, որ վերաքվեարկություն չի լինելու։ Այս պահին այդ հարցն անորոշ է։

Թագուհի Ասլանյան

Send