Նյու Յորքի դատախազները պատրաստվում են նոր մեղադրանքներ առաջադրել ԱՄՆ-ի կողմից առևանգված, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Մեղադրանքները վերաբերում են վերջին տարիներին վենեսուելական բանտերում պահվող ամերիկացիների նկատմամբ ենթադրյալ խոշտանգումներին. այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Ըստ այդ աղբյուրների՝ հայտարարությունը կարող է արվել արդեն հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ին։
Նոր մեղադրանքները բխում են Մադուրոյի կառավարման օրոք Վենեսուելայում ավելի քան մեկ տասնյակ ամերիկացի քաղաքացիների՝ ԱՄՆ-ի կողմից անօրինական համարվող կալանավորման փաստից։
Աղբյուրներից մեկը նշել է, որ քննիչները քննարկում են նաև մի շարք այլ անձանց մեղադրանք առաջադրելու հնարավորությունը՝ ամերիկացիների խոշտանգումներին նրանց ենթադրյալ մասնակցության համար։
2026 թվականի սկզբին ԱՄՆ-ն իրականացրել է ռազմական գործողություն՝ նախագահ Մադուրոյին և նրա կնոջը Վենեսուելայից դուրս բերելու նպատակով։ Գործողության պաշտոնական պատրվակն այն է եղել, որ Մադուրոն հետախուզվող անձ է եղել ԱՄՆ-ում, որտեղ նրան մեղադրանք է առաջադրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։
Մադուրոյի և նրա կնոջ դատավարությունը նախատեսված է 2027 թվականի հունիսի 1-ին։
Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում, եթե երդվյալ ատենակալները որոշեն, որ նրանք մասնակցել են Միացյալ Նահանգներ կոկաինի ապօրինի ներկրման դավադրությանը։

Русский