MediaHub-ը վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված վարորդական վկայական ստանալու համար նախատեսված տեսական և գործնական քննությունների կազմակերպման հետ։
MediaHub-ին քաղաքացիները պատմում են, որ այլևս չեն կարողանում չեղարկել իրենց արդեն ամրագրված տեսական կամ գործնական քննության օրը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում։
Ահազանգերի համաձայն՝ ներկայումս, եթե քաղաքացին ցանկանում է գրանցվել քննության համար, օրինակ՝ Երևանում, ապա հասանելի են միայն հեռավոր ժամկետներ՝ հուլիսի վերջ կամ օգոստոսի սկիզբ։ Միևնույն ժամանակ, հաճախ պատահում է, որ ավելի մոտ օրեր են բացվում, նախկինում քաղաքացիները հնարավորություն ունեին չեղարկել իրենց ամրագրած օրը և վերագրանցվել ավելի հարմար ժամկետի համար։
Սակայն, համացանցում մի ուրիշ խնդիր կա. որոշ քաղաքացիներ սկսել են զբաղվել վարորդական քննությունների օրերի «վերցման և փոխանցման» գործունեությամբ՝ դա վերածելով բիզնեսի։
Ահազանգողների խոսքով՝ որոշ կազմակերպություններ ու անհատներ ամեն օր հերթագրումներ էին անում ու չեղարկում, դրանով իսկ արհեստականորեն մեծացնում էին հերթերը և շարքային քաղաքացին չէր կարողանում գրանցվել մոտակա շաբաթների համար։ Նշված կազմակերպություններն ու անհատները դա անում էին շահույթ հետապնդելու համար։
MediaHub-ը դիմեց ՆԳՆ՝ հասկանալու՝ ի՞նչ է փոխվել համակարգում, արդյո՞ք քաղաքացիներն այլևս չեն կարողանում չեղարկել իրենց՝ արդեն ամրագրված օրը, և վերագրանցվել ավելի հարմար ժամկետի համար։
Պարզվում է, որ հնարավոր է չեղարկել կամ փոփոխել քննության գրանցումը տարեկան առավելագույնը 3 անգամ։
«Հերթագրման համակարգում կատարված փոփոխությամբ՝ քաղաքացին 1 տարվա ընթացքում կկարողանա իր հերթի օրը չեղարկել և փոփոխել առավելագույնը 3 անգամ։ Այս փոփոխությունից հետո էականորեն նվազել են հերթերը հաշվառման-քննական ստորաբաժանումներում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Մարիաննա Արամյան

Русский