Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ցեղաuպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս․ Դեմոյանը՝ Փաշինյանի` հուշահամալիր այցի մասին

Blog Image

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին, ինչպես խոստանում էր ԿԳՄՍ նախարարը, Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը պատրաստ կլինի, սակայն մինչ այս պահն այն ունի մի շարք խնդիրներ, և դրա մասին է ահազանգում նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Մասնավորապես, Դեմոյանը նշում է՝ հուշարձանի մաս հանդիսացող քարը, աղյուսը կամ մետաղը փոխարինվում է միայն այն դեպքում, եթե բնօրինակ մասը քայքայվել է այն աստիճանի, որ այլևս չի կարող կատարել իր կառուցվածքային կամ գեղագիտական ֆունկցիան և վտանգում է հուշարձանի կայունությունը։

Ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանն այցելել էին Ցեղասպանության հուշահամալիր՝ ընթացող աշխատանքներին ծանոթանալու համար, որի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ քարերի երանգն, ամեն դեպքում, տարբեր է: 

Փաշինյանի այս հայտարարությունը MediaHub-ի հետ զրույցում Դեմոյանն այսպես մեկնաբանեց․ «Նիկոլի բերանով հաստատագրվեց, որ հանրապետական նշանակության կարգավիճակ ունեցող ու համայն հայության համար սրբատեղի հանդիսացող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են, որի արդյունքում հուշարձանին հասցվել է անվերականգնելի վնաս՝ ինչը ՀՀ և միջազգային օրենքներով քրեորեն պատժելի գործողություն է: Ի դեպ, այս անգամ Ժաննայի բախտը բերեց այնքանով, որ Նիկոլը չառաջարկեց իզոտոպներով ստուգել քարերի հնությունը, ինչպես դա արեց Հայաստանի պատմության թանգարանում՝ եկեղեցու դռան փեղկը ուսումնասիրելիս, որի արդյունքում նախարար Ժաննա Անդրեասյանը գունատվեց և կորցրեց հոդաբաշխ մտքեր արտաբերելու կարողությունը»:

 

Դեմոյանը հավելեց՝ ՀՀ տարածքում հուշարձանների պահպանությունը և դրանց նկատմամբ իրականացվող գործողությունները կարգավորվում են օրենսդրական նորմերով։ 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, ունենալով հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ, գտնվում է պետության հատուկ պաշտպանության ներքո։ ԿԳՄՍՆ-ի թույլ տված կոպիտ սխալների, անպատասխանատու մոտեցման ու վերահսկողությունից դուրս իրականացված աշխատանքների արդյունքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս, որի արդյունքում հուշարձանը կորցրել է իր պատմական վավերականությունն ու ինքնությունը։

Էմմա Մարտիրոսյան

Send