Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ղազարյանը ներողություն կխնդրի՞, ի՞նչ էր սպասում Ռուբինյանը, «սրիկա» բառը թույլատրելի՞ է օգտագործել ԱԺ-ում, ո՞ւմ վրա թքած ունի Սամվել Կարապետյանը

Blog Image

Օգոստոսի 2-ից նոր՝ իններորդ գումարման Ազգային ժողովը մեկնարկել է իր գործունեությունը, և արդեն տևական ժամանակ է՝ քաղաքական կյանքով հետաքրքրված հանրությունը հետևում է նորընտիր կամ վերընտրված պատգամավորների աշխատանքին և նորից ու նորից հիասթափվում։

Քանի որ, ինչպես նախորդ խորհրդարանում, այնպես էլ նորում, ընդամենը իշխանություն-ընդդիմություն հակադարձությունը, փոխհրաձգությունն ու փոխադարձ վիրավորանքներն են կազմում հիմնական օրակարգը՝ լուսանցքից դուրս թողնելով երկրում առկա իրական խնդիրները։

Եթե պատգամավորները չգիտեն, թե ինչ խնդիրներ կան Հայաստանի Հանրապետությունում, և երկրի բնակիչները ինչ մարտահրավերների դեմ են ստիպված կռիվ տալ, ապա խորհուրդ կտանք ամենօրյա ռեժիմով կարդալ հատկապես այն լրատվամիջոցները, որոնց իրենք պարբերաբար անվանարկում և մեղադրում են երկրում անտեղի խուճապ ստեղծելու համար։
 
Դատելով հատկապես ՔՊ պատգամավորների խոսույթից՝ կարելի է մտածել, թե իրենք Հանրային հեռուստաընկերությունից կամ իրենց ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներից են ծանոթանում երկրում առկա խնդիրներին. ավելի ճիշտ՝ մտածում են, թե խնդիրներ չկան, և իրենց կառավարման տարիներին Հայաստանում բոլոր ոլորտները վերելք են ապրում։ Այնինչ, մեր լրատվամիջոցների թեմաները՝ Հայաստանում առկա խնդիրների և դրանց հրատապ լուծումների վերաբերյալ, անսպառ են՝ սկսած բանակում ժամկետային զինծառայողների մահերից, ավտոճանապարհային պատահարների՝ հատկապես մահացու ելքով պատահարների, վրաերթերի թվի աճից, ընկեցիկ երեխաների խնդիրներից, հայ ֆերմերների ու գյուղացիների մթերքի իրացման՝ շուկայում առկա սահմանափակումներից, երկրում մահացությունների մակարդակի կտրուկ ավելացումից, հիվանդ հասարակություն ունենալուց մինչև ծնելիության մակարդակի անկում ու դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ, արտաքին նոր ներդրումների բացակայություն, աղքատության խորացում, մտահոգիչ գործազրկություն, անսանձ գնաճ, օդի վտանգավոր աստիճանի հասնող աղտոտվածություն և այլն, և այլն։
 
Ինչպես նշեցի, թեմաներն անսպառ են, և դրանց լուծումը պարտավոր են տալ թե՛ ժողովրդի կողմից ընտրված օրենսդիր մարմինը՝ իշխանական և ընդդիմադիր պատգամավորներով, թե՛ գործադիրը՝ օրենսդիրին առաջարկած նախագծերով ու առաջարկներով։ Փոխարենը՝ ամեն օր հանրությանը կեղծ օրակարգեր են հրամցվում բովանդակային քննարկումների փոխարեն, մասնավորապես՝ արդյոք Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞ ՔՊ-ից, թե՞ ոչ, ի՞նչ էր սպասում Ռուբեն Ռուբինյանը Էդգար Ղազարյանից ու Նարեկ Կարապետյանից, որից հետո սպառնալի տրամադրությամբ հայտարարեց, թե «դուք ընտրեցիք այդ ճանապարհը», «սրիկա» բառը թույլատրելի՞ է օգտագործել խորհրդարանում, թե՞ ոչ, ինչու Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե թքած ունի ՀԷՑ-ի վրա, և ի՞նչ է դա նշանակում և նմանատիպ հարցադրումներով։ Իշխող ուժին այդպես էլ չհաջողվեց թոթափել նաև նախկին իշխանություններին ամեն հնարավոր մեղքերի համար մեղադրելու իրենց սևեռուն ու հիվանդագին բնավորությունը, ինչը թերևս լուրջ ախտաբանական խնդիրների մասին է վկայում։ Արդեն քանի նիստ է՝ նմանաբովանդակ հարցերն են դառնում ԱԺ հիմնական քննարկման առարկան՝ ձանձրալի դառնալու աստիճան հուսահատեցնելով բոլորիս։ Եվ նման օրակարգեր լսելով՝ իրենց քվեներն ընտրություններին այս կամ այն ուժին տված հանրությունը հասկանում է, որ հերթական անպտուղ նախաձեռնությանն է մասնակից եղել, որի արդյունքում իրենց խնդիրները շարունակելու են անլուծելի մնալ կամ ավելի խորանալ ու ստիպել իրենց ճանապարհներ փակել կամ կառավարության շենքի դիմաց բողոքի անպտուղ ակցիաներ անել։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, թեև ձգտում է հեռու մնալ ՔՊ պատգամավորների՝ թեման անբովանդակային տիրույթ տանելու սադրանքներից և անգամ լրագրողների՝ այդ օրակարգից բխող հարցադրումներին չի ցանկանում պատասխանել, այդուհանդերձ, ընդհանուր առմամբ ընդդիմությանը չի հաջողվում զերծ մնալ իշխանական պատգամավորների կեղծ օրակարգերի մեջ մխրճվելուց։ Ինչո՞ւ են խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչները ամեն ինչ անում ԱԺ նիստերը ոչ մի տեղ չտանող հունի մեջ դնելու համար․ գուցե պետական, հանրային կարևորության ծրագրերում իրենց բացթողումները, ձախողումները և անգործությունը կոծկելո՞ւ համար, որպեսզի առողջ քննարկման համատեքստում դրանք ջրի երես դուրս չգան և ի ցույց չդնեն այն տխուր, անհուսալի պատկերը, որն առկա է իրենց «փայփայած» Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում։

Թագուհի Ասլանյան

Send