Մերձավոր Արևելքում վերջին օրերին լարվածությունը կրկին աճում է․ Լիբանանից մինչև Կարմիր ծով և Հորմուզի նեղուց իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։
«Իսրայելի հետ հնարավոր չէ հրադադարի շուրջ պայմանավորվել, Նեթանյահուն միշտ պատճառ ունի հրթիռակոծելու Լիբանանը, ընդ որում՝ խաղաղ բնակչությանը։ Օգոստոսի 15-ին «ՑԱՀԱԼ»-ը (Իսրայելի բանակ) հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային մի շարք բնակավայրերի։ Զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Սա հունիսի 20-ին հաստատված Իսրայել–«Հեզբոլլահ» հրադադարից հետո ամենածանր սրացումներից մեկն էր»,- MediaHub-ին փոխանցեց լիբանանահայ Եղիշե Ասատուրյանը։
Իսրայելը հայտարարել է, որ գործողությունը պատասխան էր «Հեզբոլլահի» անօդաչու սարքի հարձակմանը, որի հետևանքով երեք իսրայելցի զինծառայող էր վիրավորվել։ Իսրայելական կողմը նաև հայտնել է «Հեզբոլլահի» հրամանատար Ալի Սամիր Ալ-Հաջ Հասանի սպանության մասին։ Հաջորդ օրերին Իսրայելը հայտարարել է Լիբանանի ուղղությամբ նոր հարվածների հնարավորության մասին, իսկ «Հեզբոլլահը» շարունակում է մերժել զինաթափման պահանջները։
«Այսինքն՝ հրադադարը շարունակում է մնալ չափազանց փխրուն։ Ամեն րոպե սպասում ենք նոր հարվածների։ Ցավալիորեն անմեղ մարդիկ են զոհվում»,- ասաց մեր զրուցակիցը։
Միաժամանակ, կտրուկ սրվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրավիճակը։ Թեհրանը հայտարարել է, որ դիվանագիտական գործընթացի ձախողման դեպքում կարող է անցնել ավելի ակտիվ ռազմական դիրքավորման։ Հատկապես մտահոգիչ է Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը, քանի որ այստեղ ցանկացած ռազմական սրում կարող է անմիջապես անդրադառնալ միջազգային նավագնացության և նավթի շուկայի վրա։ Այս պահին հիմնական ռիսկը մնում է նոր լայնածավալ ռազմական սրման հավանականությունը։
Իսկ Իրանի աջակցությունը վայելող հութիները վերջին օրերին շարունակել են հարձակումները Կարմիր ծովում։ Օգոստոսի 17-ին նրանք հինգ բալիստիկ հրթիռ են արձակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ուղղությամբ։ Դրանից առաջ հութիները նաև հարվածներ էին հասցրել Կարմիր ծովի նավահանգստային ենթակառուցվածքներին։
Հունան Թադևոսյան

Русский