Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կամո Վարդանյանի պաշտոնանկությունը նոր հարցեր է առաջացնում․ ո՞վ էր հրամայել «անտեր թողնել» վառելիքի պահեստը

Blog Image

Հայկական մեդիայում երեկ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվել է Արցախի պաշտպանության վերջին նախարար Կամո Վարդանյանը։

«Վարդանյանը ՊԲ-ն ղեկավարել է այն ժամանակահատվածում, երբ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների հետևանքով Արցախի պաշտպանության բանակը զինաթափվեց և փաստացի դադարեց գոյություն ունենալ։ Նրա պաշտոնավարման վերջին օրերին հայկական կողմը ունեցավ հարյուրավոր զոհեր՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում»,- գրում է վերլուծաբան Ալեն Ղուլյանը։

Վերլուծաբանի խոսքով՝ չնայած այդ հանգամանքներին՝ Վարդանյանը ոչ թե հայտնվեց նախաքննության կամ կալանքի տակ, այլ հետագայում նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական։ Ընդ որում՝ նրա այդ պաշտոնում նշանակման մասին պաշտոնական տեղեկատվություն, ըստ հրապարակումների, չի տարածվել։

«Վարդանյանի անունը, առնվազն հրապարակային տեղեկությունների համաձայն, չի կապվել նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ասկերանի մոտ գտնվող ռազմական վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթի հետ։ Պայթյունի հետևանքով զոհվեց 219 մարդ, 22-ը համարվում են անհետ կորած, իսկ ավելի քան 290-ը վիրավորվեցին»։

Արցախի քննչական մարմինների կողմից հարուցված քրեական վարույթը հետագայում փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեին։ Մինչ օրս, սակայն, հանրությանը հայտնի չէ որևէ անձի վերաբերյալ վերջնական պատասխանատվության մասին, իսկ դեպքի ամբողջական հանգամանքների քննությունը շարունակում է մնալ բազմաթիվ հարցերի առարկա։

«Հատկապես կարևոր է պարզել, թե ինչ պայմաններում էր ռազմական օբյեկտը հասանելի դարձել մեծ թվով քաղաքացիների համար։ Այդ օրերին հազարավոր արցախահայեր, փորձելով վառելիք ձեռք բերել ընտանիքներին տարհանելու համար, հավաքվել էին պահեստի տարածքում։ Հետագայում հենց այդտեղ տեղի ունեցավ պայթյունը, որը դարձավ Արցախի հայաթափման վերջին օրերի ամենածանր ողբերգություններից մեկը։

Հանրությանը մինչ օրս հստակ պատասխան չի տրվել, թե ինչ հրամանով և ինչ պատճառաբանությամբ էր փոխվել կամ հանվել օբյեկտի պահպանությունը։ Չի պարզաբանվել նաև, թե ինչու վառելիքի բաշխումը չէր իրականացվում քաղաքում նախապես կազմակերպված և վերահսկվող կետերի միջոցով՝ մարդկանց մեծ կուտակումներից և ռազմական օբյեկտում քաղաքացիների հայտնվելուց խուսափելու համար»,- ասում է վերլուծաբանը։

Ղուլյանի խոսքով՝ այս հարցերի պատասխանը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ դեպքի հետևանքով զոհերի թիվը հասավ հարյուրների։

Միևնույն ժամանակ, հրապարակային դաշտում շարունակում է մնալ ևս մեկ առանցքային հարց․ արդյո՞ք օբյեկտի պահպանության փոփոխությունը տեղի է ունեցել Հայաստանի ԶՈւ ԳՇ-ի որոշմամբ, և եթե այո, ապա ո՞վ է տվել համապատասխան հրամանը, թե՞ որոշումն ընդունվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարության մակարդակում։

«Կամո Վարդանյանի պաշտոնանկության մասին տեղեկության ֆոնին այս հարցերը կրկին արդիականանում են։ Հանրությունը պետք է ստանա ոչ միայն պաշտոնանկության պատճառների, այլև 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում ընդունված առանցքային որոշումների վերաբերյալ հստակ և փաստարկված պատասխաններ»,- ընդգծում է վերլուծաբանը։

Send