MediaHub-ն ուսումնասրեց այսօրվա Կառավարության նիստի չզեկուցվող նախագծերը, որից մեկում նշվում է՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրումն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` նախնական համաձայնությունն ստանալու դեպքում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրումը, որը կատարել է օտարերկրյա այն պետության իրավասու մարմինը, որի քաղաքացին է որդեգրողը, Հայաստանի Հանրապետությունում վավեր է որդեգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` նախնական համաձայնությունն ստանալու դեպքում։
Նույն մասով սահմանվում է, որ նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վերոգրյալ կարգավորումները նպատակ ունեն ապահովելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրման գործընթացում ցանկացած դեպքում, անկախ այն հանգամանքից՝ տվյալ երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, թե ոչ, լիարժեք կերպով հաշվի առնվեն երեխայի կարիքները և որդեգրումն իրականացվի միայն այն դեպքում, եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից։
«Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) նպատակ ունի կարգավորելու օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման դեպքում ՀՀ կառավարության կողմից նախնական համաձայնություն տրամադրելու համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները։
Նախագծի կարգավորումները մշակվել են այն տրամաբանությամբ, որ երաշխավորվի վերոգրյալ գործընթացի շրջանակներում այն նույն չափանիշների կիրառումը, որոնք տարածվում են ներպետական որդեգրման և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում իրականացվող օտարերկրյա որդեգրումների ընթացքում՝ միաժամանակ հաշվի առնելով այս գործընթացի առանձնահատկությունները, մասնավորապես այն հանգամանքը, որ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և որ օտարերկրյա պետությունն իր ներպետական օրենսդրությանը համահունչ նախնական եզրակացության է հանգել որդեգրման նպատակահարմարության և իրավաչափության առթիվ։
Այսպես, Նախագծով սահմանվել է, որ մինչև օտարերկրյա պետությունում որդեգրման գործընթացի ավարտը համապատասխան պետության իրավասու մարմինը կամ որդեգրել ցանկացող անձը պետք է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնի որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ մի շարք տեղեկություններ ու փաստաթղթեր։
Մասնավորապես, նախագծով պարտադիր ներկայացման ենթակա՝ որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ տվյալներում ներառվել են այն բոլոր տեղեկությունները, որոնք պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող երեխային որդեգրել ցանկացող անձանց կողմից՝ ապահովելու համար գործընթացների միասնական տրամաբանությունը, քանի որ տվյալ դեպքում ևս ՀՀ իրավասու մարմինները պետք է ստուգեն որդեգրել ցանկացող անձի տվյալները և համոզվեն, որ վերջինս բավարարում է որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նախապայմաններին։ Նմանապես, Նախագծով սահմանվում է, որ Արդարադատության նախարարությանը պետք է ներկայացվեն որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են երեխայի և որդեգրել ցանկացող անձի միջև համադրումն իրականացնելու համար։
Միաժամանակ, ապահովելու համար որդեգրման ենթակա երեխայի կարիքների և որդեգրել ցանկացող անձի կողմից դրանք բավարարելու կարողությունների, ինչպես նաև երեխայի անվտանգությանը սպառնացող ռիսկերի պատշաճ գնահատումը՝ նախագծով սահմանվում է, որ Արդարադատության նախարարությունը վերոգրյալ տվյալներն ու փաստաթղթերը ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու Ներքին գործերի նախարարության ոստիկանություն։
Նշված մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում պետք է ուսումնասիրի փաստաթղթերը և տրամադրի դիրքորոշում, ինչից հետո Արդարադատության նախարարությունը նշված դիրքորոշումների, որդեգրման ենթակա երեխայի, որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ տվյալների ու փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա կազմում և ՀՀ վարչապետի աշխատակազմին է ներկայացնում որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն։
Մարիաննա Արամյան

Русский