Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Ալիևը՝ Մեծամորի ատոմակայանի մասին․ ի՞նչ է թաքնված էներգետիկ կախվածության առաջարկի հետևում

Blog Image

Իլհամ Ալիևի՝ Նախիջևանում տված հարցազրույցից հետո ադրբեջանական լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից շարունակում են հանրությանը մատուցել «Իրեվանի ատոմակայանը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար» թեզը՝ փորձելով Մեծամորի ատոմակայանի հարցը ներկայացնել որպես տարածաշրջանային անվտանգության խնդիր։

Վերլուծաբան Ալեն Ղուլյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությունների պատճառահետևանքային կապին, Ադրբեջանի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ նախկինում վարվող քաղաքականությանը և Հայաստանի համար հնարավոր էներգետիկ կախվածության ռիսկերին։

«Գիտե՞ք՝ ինչու է Իլհամ Ալիևը, Երևանից և Մեծամորի ատոմակայանից ընդամենը մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվելով, այսօր իրեն թույլ տալիս վերջնագրային և բացահայտ սպառնալից ձևով հայտարարել, որ Հայկական ատոմակայանը վաղ թե ուշ պետք է փակվի՝ միաժամանակ նախազգուշացնելով, թե դրա կանգից հետո Հայաստանում կարող է էներգետիկ ճգնաժամ առաջանալ։

Որովհետև 2020 թվականին ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու միջազգային կոնվենցիաները, հարվածներ էին հասցնում Արցախի քաղաքացիական օբյեկտներին և կենսական նշանակության ենթակառուցվածքներին՝ շարքից հանելով էներգետիկ օբյեկտները՝ ենթակայանները, էլեկտրահաղորդման գծերը, ինչպես նաև գազային ենթակառուցվածքները։ Եվ այդ ընթացքում ոչ մի հրթիռ չուղղվեց Ադրբեջանի ռազմավարական նշանակության էներգետիկ օբյեկտների ուղղությամբ»,- նշում է նա։

Ըստ Ղուլյանի՝ խոսքն այս դեպքում Բաքվի նավթահորերի կամ նավթագազային ենթակառուցվածքների մասին չէ։ Նա առանձնացնում է Հայաստանին ամենամոտ՝ Ադրբեջանի էներգետիկ համակարգի կարևորագույն ռազմավարական օբյեկտներից մեկը՝ Մինգեչաուրի ջերմաէլեկտրակայանը։

«Այդ ժամանակ մոտավորապես 45 կիլոմետր հեռավորությունից հայկական բանակը կարող էր դիտարկել Մինգեչաուրի ՋԷԿ-ը՝ Ադրբեջանի էներգետիկ համակարգի առանցքային օբյեկտներից մեկը, որն ապահովում էր երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի մասը։

Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ստեղծված դիտարկման համակարգը հնարավորություն էր տալիս ոչ միայն տեսնելու այդ օբյեկտը, այլև հայտնաբերելու ու ուղեկցելու այնտեղ գտնվող թիրախները, ապահովելու թիրախավորում և կրակի ճշգրտում։ Իսկ հայկական բանակի զինանոցում առկա հրթիռային միջոցները կարող էին խոցել Մինգեչաուրի շրջանում գտնվող թիրախները։

Այսօր, սակայն, Ալիևն արդեն իրեն թույլ է տալիս Հայաստանին թելադրել, թե ինչ պետք է անել սեփական ատոմակայանի հետ՝ միաժամանակ առաջարկելով էներգետիկ կախվածություն ստեղծել Ադրբեջանից»,- ասում է վերլուծաբանը։

Ալեն Ղուլյանի խոսքով՝ էներգետիկ կախվածության վտանգը Հայաստանի համար տեսական չէ։ Այն արդեն դրսևորվել է Արցախի օրինակով։

«Իսկ թե ինչ է նշանակում էներգետիկ կախվածությունը, և ինչ կարող է նշանակել, երբ գազատարի փականը կամ էլեկտրահաղորդման գծի անջատիչը գտնվում է Իլհամ Ալիևի ձեռքում, մենք Արցախում գիտենք ոչ թե տեսականորեն, այլ սեփական փորձից։

2023 թվականի շրջափակման ամիսներին մենք արդեն տեսել ենք, թե ինչի կարող է վերածվել նման կախվածությունը՝ ամիսներ շարունակ առանց բնականոն գազամատակարարման և էլեկտրամատակարարման, ցրտի, մթության, էլեկտրաէներգիայի շարունակական խափանումների և բնակչությանը կենսական անհրաժեշտ ռեսուրսներից փաստացի զրկելու պայմաններում։

Հիմա նույն Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է էներգետիկ անվտանգության մասին»,- ընդգծում է Ալեն Ղուլյանը՝ հետևությունները թողնելով ընթերցողին։

Հունան Թադևոսյան

Send