Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ MediaHub TV

Ի՞նչ պատիժ կկրի Հալաբյանի խաղահրապարակում հայտնաբերված նորածնի մայրը

Blog Image

Ծնողների պատասխանատվությունը նորածին երեխայի նկատմամբ ներառում է կյանքի, առողջության լիարժեք պաշտպանություն, խնամք, անվտանգ սնուցում և բժշկական հսկողություն: ՀՀ օրենսդրությամբ ծնողները կրում են լիակատար իրավական և բարոյական պարտականություններ երեխայի առաջին իսկ օրվանից: Եվ այն ծնողները, որոնք իրենց երեխաներին ծնվելուց հետո կամ ավելի ուշ լքում են ու անօգնական թողնում փողոցում՝ վտանգավոր վիճակում, օրենքի առաջ կրում են համապատասխան քրեական պատասխանատվություն։

Վերջերս Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում հայտնաբերված նորածին փոքրիկի դեպքը առիթ դարձավ, որպեսզի նախկինում Հայաստանում տեղի ունեցած նման դեպքերին ևս մեկ անգամ անդրադարձ արվի՝ համապատասխան հետևություններ կատարելու միտումով։ Թե ինչ քրեական վարույթ է նախաձեռնվել այս գործով, Քննչական կոմիտեն չի հրապարակում՝ թեմայի զգայունությունից ելնելով։ Հայտնի է միայն, որ երեխայի մայրն առ այսօր չի հայտնաբերվել, հետևաբար չեն պարզվել դեպի հանգամանքները, հետևաբար նաև մեղադրանք չի առաջադրվել երեխայի ծնողին։

Վերջին մի քանի տարիների ընթացքում ցավալիորեն երեխաներին դրսում, այս կամ այն կառույցի, շինության մոտ թողնելու և հեռանալու մի քանի դեպքեր են արձանագրվել՝ ճիշտ նույն սցենարով։ 2018 թվականին Տավուշում էր նման դեպք եղել, երբ չամուսնացած և հղիությունը թաքցրած կինը ծննդաբերել էր իրենց տան պատշգամբում և երեխային թողել դրսում։

2023 թվականին հանրային լայն արձագանք ստացավ Ներքին Գետաշենում մոր կողմից մատուռի մոտ լքված նորածնի պատմությունը։ Երեխային շները տոպրակով քաշել ու հասցրել էին մոտակա տներից մեկը, բայց չնայած շների ջանքերին հիվանդանոցում երեխայի կյանքը չէր հաջողվել փրկել։

2024 թվականին ևս նորածնին Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում էին թողել։ Հետագայում քննությունը պարզել էր, որ երիտասարդ կինը հղիությունը թաքցրել էր ընտանիքից մինչև 39-րդ շաբաթը, իսկ ծննդաբերությունից հետո երեխայից ազատվելու որոշումը կապված էր հորից հղիության և ծննդաբերության փաստը թաքցնելու ցանկության հետ։

Մեր երկրում ընկեցիկ երեխաների մասին պատմությունները միայն այսքանով չեն ավարտվում և տխուր վիճակագրություն են կազմում՝ հաշվի առնելով ընտանիքի հանդեպ մեր հանրային պահպանողական վերաբերմունքը և ազգաբնակչության նվազ թվաքանակը։

Ինչպես նշեցինք, նման դեպքերի համար օրենքը համապատասխան պատիժ է սահմանում՝ քրեական օրենսգրքի դրույթներով։ Այսինքն երեխային փողոցում թողնելն ու հեռանալը համարվում է հանցագործություն։ Սակայն նման դեպքերի համար քրեական օրենսգիրքը պատասխանատվության տարբեր միջոցներ է նախատեսում՝ կախված դեպքի հանգամանքներից, այն իրագործողների հոգեկան վիճակից ու այդ քայլին նրան դրդող հանգամանքներից ու դեպքի ելքից։

Ցավոք միշտ չէ, որ հաջողվում է փրկել լքված փոքրիկների կյանքը և երբեմն մոր կողմից դավաճանված նորածինների ճակատագիրը սահմռկեցուցիչ ընթացք է ստանում, ինչպես եղավ Ներքին Գետաշենի մատուռում թողած նորածնի դեպքում։

Կախված դեպքի հանգամանքներից և անձի կարգավիճակից` արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։ Վերոնշյալ դեպքում մահացած նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք)։

Ավելի սարսափելի դեպք էր տեղի ունեցել 2017թվականին․ Հրազդան քաղաքի իր բնակարանի լոգարանում, առանց բժշկական միջամտության և որևէ մեկի օգնության, 40-ամյա կինը ծննդաբերել էր արական սեռի երեխա: Այնուհետև նորածնին մեկ ժամից ավել թողել էր զուգարանակոնքի մեջ, ինչի հետևանքով երեխան շնշահեղձ էր եղել և մահացել: Մի քանի օր անց նորածնի դին՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված, տեղափոխվել էր Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք, որտեղ էլ հայտնաբերվել էր: 40-ամյա կնոջը մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ծննդաբերության ժամանակ կամ անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող կամ հոգեկան խանգարման վիճակում կատարված արարք է և պատժվում է առավելագույնը հինգ տարի ազատազրկմամբ):

Նման դեպքերի համար օրենքը պատիժ է նախատեսում նաև քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածով, որը վերաբերում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված երեխային օգնություն ցույց չտալուն, եթե անձը պարտավոր էր հոգ տանել նրա մասին (օրինակ՝ ծնողը, խնամակալը) կամ ինքն է երեխային դրել այդ վիճակի մեջ։ Պատիժը նախատեսում է տուգանք, հանրային աշխատանքներ, կարճաժամկետ ազատազրկում կամ ազատազրկում՝ 2-ից առավելագույնը 5 տարի ժամկետով՝ կախված հետևանքների ծանրությունից։

Հայաստանի դատական պրակտիկայում նմանատիպ գործերով, որոնց ժամանակ մայրերը նորածիններին թողել են հիվանդանոցների բակերում, շենքերի շքամուտքերում կամ ամայի վայրերում, ծնողի նկատմամբ սովորաբար ավելի մեղմ վերաբերմունք է ցուցաբերվում և դատարանը պայմանական ազատազրկում է նշանակում՝ 1-2 տարվա փորձաշրջան, չնայած ներկայացված մեղադրանքով իրական ազատազրկում է նախատեսվում։ Բայց դատարանը հաշվի է առնում ծնողի հոգեկան և հոգեբանական վիճակը՝ երեխայից ազատվելու ընթացքում։ Դատահոգեբուժական փորձաքննությամբ գրեթե միշտ հաստատվում է, որ կինը գտնվել է ծայրահեղ սթրեսային, հետծննդաբերական դեպրեսիայի կամ «աֆեկտի» նմանվող վիճակում, ինչը դատավորին թույլ է տալիս արարքը դիտարկել ոչ թե որպես դաժան հանցագործություն, այլ որպես հոգեբանական ծանր ճգնաժամի հետևանք, ինչը կտրուկ մեղմացնում է պատիժը: Հաշվի են առնվում նաև ծնողի նախկինում դատվածության չունենալը, համայնքից դրական բնութագիրը նրա մասին, ինքնախոստովանությունը և անկեղծ զղջալը:

Ի դեպ, օրենքը նման դեպքերում միշտ պատիժ է նախատեսում միայն այն ծնողի համար, որը իր երեխայից ազատվելու համար նրան թողնում է դրսում ու թաքուն հեռանում։ Դա, իհարկե, լինում է երեխայի մայրը։ Համենայն դեպս Հայաստանում արձանագրված բոլոր դեպքերում մայրերն են նման հուսահատ քայլերի գնացել՝ զրկված լինելով երեխայի կենսաբանական հոր աջակցությունից։ Սակայն օրենքը որևէ պատիժ ու պատասխանատվություն չի նախատեսում մյուս ծնողի համար, որը փաստացի ևս երեխային լույս աշխարհ բերելու և նրա կյանքի համար հավասար պատասխանատվություն է կրում։ Հասկանալի է, որ նման դեպքերում օրենքը հաշվի է առնում, թե հստակ ում կողմից է իրականացվել հանցավոր արարքը՝ երեխային դրսում անօգնական ու վտանգավոր վիճակում թողնելը։ Բայց բարոյական օրենքներով դատելու դեպքում ստացվում է, որ մյուս ծնողը՝ կենսաբանական հայրը ևս լքում է երեխային ու նրա կյանքի ու առողջության ողջ պատասխանատվությունը թողնում է կնոջ վրա, որին թողել է հղի վիճակում և չի աջակցել որևէ ձևով։

Մեկ այլ խնդիր է նաև հանրային ու պետական աջակցության բացակայությունը, ինչն էլ նման դեպքեր է ծնում՝ կորսված ճակատագրեր։ Գոյություն չունի մի համակարգ, որը կաջակցի և կուղղորդի այն հղի կանանց, որոնց համար պտուղը ինչ-ինչ պատճառներով ցանկալի չէ, որոնք հանրային կամ ընտանիքի անդամների պարսավանքից վախենալով ստիպված հանցավոր արարքի են դիմում՝ գտնվելով անելանելի վիճակում։

Հալաբյան փողոցի հարևանությամբ տեղի ունեցած դեպքից հետո սոցիալական հարթակներում երեխայի մոր հասցեին հնչող վիրավորանքներն ասածի լավագույն ապացույցն են։ Առանց իմանալու դեպքի հանգամամքները, ծնողի հոգեվիճակն ու նրան նման արարքի դրդող պատճառները՝ հանրությունը շտապում է նրան անարգանքի սյանը գամել ու խախտելով նրա անմեղության կանխավարկածը՝ ամենածանր պատասխանատվության հոդվածներով դատել ու դատապարտել նրան։ Ընտանիքի կողմից մերժվելու, դատափետվելու, պատժվելու վախը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական գործոնները մեծ ազդեցություն են թողնում նման ողբերգությունների վրա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր դիտարկումներում նշում է, որ աղքատությունը, ծայրահեղ սթրեսը, բռնության ենթարկված լինելը և սոցիալական աջակցության պակասը բարձրացնում են նաև հղիության և հետծննդյան շրջանում հոգեկան առողջության խնդիրների ռիսկը, որը կարող է հանգեցնել նաև երեխայից հրաժարվելուն։ Չկա նաև նման որևէ ծառայություն, որին կկարողանա ճգնաժամային իրավիճակում գտնվող կինը վստահել իր խնդիրն ու աջակցություն խնդրել՝ առանց վախի, ամոթի և խարանի։

Թագուհի Ասլանյան

Send