MediaHub-ի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործի մասով նորություններ կան։ Հակակոռուպցիոն կոմիտեն Խաչիկ Սամվելի Գալստյանի գործով որոշում է կայացրել. քաղաքական գործիչը մեղադրվում է քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված արարքի համար։
Ըստ մեղադրանքի՝ Գալստյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության թեկնածու Արամ Ղազարոսի Քոչարյանի և ինքնությունները դեռևս չպարզված պատասխանատու այլ անձանց հետ, խմբի կազմում, ընտրությանը կուսակցության օգտին քվեարկելու համար, նույն համայնքի մի շարք բնակիչների, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համակիրների օժանդակությամբ, ընտրելու իրավունք ունեցող բազմաթիվ քաղաքացիների առաջարկել և խոստացել են տալ ընտրակաշառք:
MediaHub-ը կապ հաստատեց փաստաբան Արսեն Բաբայանի հետ, հասկանալու՝ արդյո՞ք Գալստյանի գործը մտել է դատարան։
«Այո, գործը մտել է դատարան, հաշվի առնելով, որ իմ ճանաչած ամենաօբյեկտիվ դատավորներից մեկին՝ Վարդգես Սարգսյանին է մակագրվել գործը, հույս ու համոզմունք ունեմ, որ իսկապես, կիրականացվի արդարադատություն, և Խաչիկ Գալստյանը, ով չի կատարել որևէ հանցավոր արարք, կարդարացվի»,- ասաց Բաբայանը։
MediaHub-ի հարցին, թե արդյո՞ք արդեն նշանակված է դատական նիստի օրը, Բաբայանը պատասխանեց, որ դեռ օր նշանակված չէ, սակայն, շուտով դատական նիստի օրը հայտնի կլինի։
Հիշեցնենք, որ 2025 թ. դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին կալանավորել է երկու ամսով՝ մեղադրելով ընտրակաշառք տալու համար: Իսկ փետրվարի 25–ի ուշ երեկոյան որոշում էր կայացվել, որի համաձայն «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք խափանման միջոցը և 20 մլն դրամ գրավ։

Русский