Վերջին մեկ տարվա ընթացքում MediaHub-ն արձանագրել է, որ գրեթե ամեն ամիս լրատվական դաշտում հաղորդվում է անչափահաս ինչ-որ աղջնակի անհետ կորելու մասին, որոնց մեծ մասն, ի դեպ, 1–2 օր անց հայտնաբերվում է։
MediaHub-ը գրավոր հարցում էր ուղղել ՆԳՆ՝ հասկանալու, թե ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ որո՞նք են անչափահասների անհետացման հիմնական պատճառները, արդյո՞ք հայտնաբերումից հետո ոստիկանության աշխատակիցները բացատրական կամ կանխարգելիչ զրույցներ ունենում են ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների կամ խնամակալների հետ, և արդյո՞ք հետագա վերահսկողություն կամ սոցիալական ծառայողների ներգրավում կա, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։
«Անհետ կորած անչափահասների հայտնաբերումից հետո անչափահասների և նրանց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն անցկացնում են բացատրական բնույթի աշխատանքներ, սահմանվում է վերահսկողություն, և անչափահասն ու ընտանիքը շարունակում են մնալ ոստիկանության տեսադաշտում: Ըստ վիճակագրության՝ վերջին շրջանում անչափահասների անհետացման դեպքերի աճ չի արձանագրվել»,- նշեցին ՆԳՆ-ից։
Նախարարությունից հավելել են՝ կանխարգելիչ աշխատանքների ընթացքում անչափահասների և նրանց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ անցկացվում են տարբեր թեմատիկ դասընթացներ և զրույց-քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվում նաև առանց ծնողի /կամ օրինական ներկայացուցչի / տեղեկացման ինքնուրույն բնակության վայրը լքելու ռիսկերին և հնարավոր հետևանքներին, ինչպես նաև իրազեկվում են ՀՀ կառավարության 2023թ. հունիսի 1-ի թիվ 893-Ն որոշման մասին, որի 19-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջի համաձայն` երկու և ավելի անգամ բնակության վայրն ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի նկատմամբ իրականացվում է պրոֆիլակտիկ հաշվառում։
«Անչափահասների և նրանց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ Ոստիկանության կողմից տարվող աշխատանքներում պարտադիր ներգրավվում են նաև Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնց հետ սերտ համագործակցության շրջանակներում են Համայնքային ոստիկանության ծառայողները իրականացնում տարբեր բնույթի միջոցառումներ՝ կապված անչափահասների և ընտանիքների անվտանգության հետ»։

Русский