«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործով դատավոր Վարդգես Սարգսյանը ինքնաբացարկ է հայտնել։ Հիշեցնենք, որ երեկ գրել էինք՝ Խաչիկ Գալստյանի գործը մտել է դատարան։
Կուսակցության գլխավոր քարտուղարի փաստաբան Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ գործը մակագրվել է ամենաօբյեկտիվ դատավորներից մեկին, և սպասելիքները, բնականաբար, մեծ են նրանից։
Այսօր ևս փորձեցինք Բաբայանից պարզել, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել դատավորի ինքնաբացարկ հայտնելու որոշումը։
«Ինձ համար անակնկալ էր այդ ինքնաբացարկը։ Հիմնավորումներին դեռևս ծանոթ չեմ։ Որոշումը ստանամ, կհասկանամ»,- ասաց Բաբայանը։
Ըստ մեղադրանքի՝ Գալստյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության թեկնածու Արամ Ղազարոսի Քոչարյանի և ինքնությունները դեռևս չպարզված պատասխանատու այլ անձանց հետ, խմբի կազմում, ընտրությանը կուսակցության օգտին քվեարկելու համար, նույն համայնքի մի շարք բնակիչների, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համակիրների օժանդակությամբ, ընտրելու իրավունք ունեցող բազմաթիվ քաղաքացիների առաջարկել և խոստացել են տալ ընտրակաշառք:

Русский