Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իրանը կարող է Հայաստանի համար լուրջ խնդիրներ առաջացնել. Ոսկանյան

Blog Image

Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին  Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կովկասի վերաբերյալ ծրագրին, քանի որ այն լրջագույն սպառնալիք է Իրանի անվտանգության համար։ 

Նա, մասնավորապես, նշել է, որ Թրամփի, այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե պաշտոնական Իրանը հերթական անգամ ներկայացնում է իր դիրքորոշումն ու հստակ ցույց է տալիս իր դժգոհությունը՝ կապված օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի և Հայաստանի՝ նման ոգևորության հետ, և ընդհանրապես, տարածաշրջանում ի՞նչ զարգացումների պետք է սպասել։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։ 

«Ըստ էության, մենք գործ ունենք պաշտոնական Իրանից եկող ազդանշանի հետ, ու հատկապես ուշադիր պիտի լինենք, քանի որ հայտարարությունն արվել է Իրանի ազդեցիկ քաղաքական դեմքի կողմից։ Որպեսզի հասկանալի լինի, պետք է նշել՝ ըստ էության, հենց հոգևոր առաջնորդի գրասենյակն է որոշում Իրանի արտաքին քաղաքականության կարմիր գծերն ու հիմնական ռազմավարությունը։ Ուստի այս հայտարարությունը պետք է գնահատել չափազանց լուրջ»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իրանական կողմն իր արտաքին հարաբերություններում ձգտում է հնարավորինս սահմանափակել արտատարածաշրջանային ուժերի առկայությունը տարածաշրջանի գործերում։ Խոսքը վերաբերում է հատկապես Իրան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում իր սահմանին Միացյալ նահանգների ներկայությանը։

«Իրանական անհանգստությունը նոր չէ, պարզապես հիմա է ուղիղ ազդանշան ուղարկվում»,- ասաց Ոսկանյանը։

Իրանագետը նկատում է՝ Վելայաթիի խոսքում «ամերիկյան ձևաչափ» արտահայտությունը հստակ ցույց է տալիս՝ այս ամենն իրանցիների համար նշանակում է ոչ միայն տնտեսական ներկայություն, այլ նաև անվտանգային գործիքակազմ, և հենց այդ երկրորդ բաղադրիչն է ավելի շատ անհանգստացնում նրանց։ 

«Այս համատեքստում, կարծում եմ, իրանցիների հետ աշխատանքը պետք է էլ ավելի ակտիվ տանել՝ վստահեցնելու, որ «TRIP» ծրագիրն Իրանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Չնայած, դա չափազանց բարդ օրակարգ է, և ես չեմ կարծում, որ ներկայիս իշխանությունը կարող է այդ օրակարգը սպասարկել»,- նշեց Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով՝ Իրանի անհանգստությունները կուտակվելով կարող են հանգեցնել լուրջ խնդիրների, իսկ ՀՀ-ի համար Իրանի հետ հարաբերությունները ոչ միայն տնտեսական ու քաղաքական առումով կարևորություն ունեն, այլ նաև՝ անվտանգային։

«Վելայաթի խոսքում շեշտվում է այդ հանգամանքը, որ իրանցիներն իրենց հստակ դիրքորոշումներում թույլ չեն տվել, որ այդ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը կյանքի կոչվի։ Հետևաբար, այս համատեքստում Իրանի հետ հարաբերությունները ցանկացած պարագայում պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա։ Եվ փոխըմբռնման գործընթացը պետք է կառավարել այնպես, որ մեր բարեկամ ու ռազմավարական առումով մեզ համար չափազանց կարևոր երկրի որոշում կայացնողների մոտ որևէ հարցական չմնա Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ»,- մանրամասնեց Վարդան Ոսկանյանը։

Իսկ թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել Իրանը մեր երկրի համար, իրանագետը դժվարանում է ասել։ Նրա խոսքով, սակայն, հենց միայն այն հանգամանքը, որ Հայաստանն իրականացնում է «Հյուսիս-հարավ» ծրագիրը, և այն անմիջականորեն կապված է Իրանի հետ, արդեն իսկ բավական է։ 

«Բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան՝ տնտեսական հարցերից մինչև անվտանգային խնդիրներ»,- ամփոփեց խոսքը Վարդան Ոսկանյանը։

Նարե Գնունի

Send