Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ մի քանի հայտարարություն արեց․ առաջինը նա նշեց․ «ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ։ Մյուս կողմից ԵՄ անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չի, և հասկանում ենք, որ կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չի, այսօր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Եթե այսօր չկա այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի՞ համար կայացնենք։ Երբ կգա այն պահը, որ եկել, հասել ենք այդ կետին և պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք»։
Փաշինյանը նաև հայտնել է․ «Առաջին խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Երբ կլինենք այդ կետում, մենք կդիմենք ԵՄ–ին անդամագրվելու հարցով։ Այդ ժամանակ երկու տարբերակ կա. մեզ կա՛մ կընդունեն, կա՛մ չեն ընդունի ԵՄ։ Ընդ որում, կարող է լինել այնպես, որ ԵՄ–ն չի ուզում այլևս ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ երբ այդ կետին հասնենք, անկախ նրանից՝ մեզ կընդունեն ԵՄ, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք»։
Իսկ այսօր պարզվեց, որ Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար։ «Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար», - նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։
Կայա Կալասը նախկինում հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվացրել է իր ապատեղեկատվական արշավը։
Ի՞նչ են մտածում Ռուսաստանում, արդյո՞ք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից, ի՞նչ կարծիք ունեն ՌԴ-ում, որ ՀՀ-ն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ:
«Բառացիորեն երեք օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրապետության պատրաստակամության մասին ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխշահավետ համագործակցության համար։ Ահա թե ինչ է ստացվել՝ մի կողմից մենք տեսնում ենք արտաքին քաղաքականության մեջ համագործակցության պատրաստակամություն, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ քաղաքական իշխող շրջանակները, ըստ էության, փորձում են հեռու մնալ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունից։ Այս երկվությունը լիովին անհասկանալի է։ Իհարկե, Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված ցանկացած սցենար կարևոր է Եվրասիական տնտեսական միության համար, քանի որ մենք լավ հասկանում ենք, որ երկրները ակտիվորեն զարգացնում են էներգետիկ շուկան և ակտիվորեն զարգացնում են իրենց բնակչության համար հնարավորությունները։ Բայց այս վարքագիծը, իհարկե, մեզ մտածելու տեղիք է տալիս, թե ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ ընտրություններից հետո, քանի որ այս ընտրությունները իսկապես շատ կարևոր են»,- նշեց Սապրիկան։
Ըստ ռուս քաղաքագետի՝ Հայաստանում ներկայումս կան քաղբանտարկյալներ, որոնք, ըստ էության, կալանավորված են զուտ քաղաքական պատճառներով, և այդ մարդիկ ամենամեծ ազդեցությունն ունեն Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա:
«Մի կողմից, մենք տեսնում ենք, ընդամենը երեք օր առաջ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցելու պատրաստակամության մասին հայտարարություն, իսկ հիմա տեսնում ենք բոլորովին հակառակ հայտարարություններ: Մենք տեսնում ենք Քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է իրենց եվրոպական կողմնորոշման մասին, այլ կերպ ասած՝ նրանք եվրասիական այլընտրանք չեն տեսնում։ Եվ այս պահին, եթե նրանք ընտրություններում մեծամասնություն ստանան, նրանք առավելագույնս կաջակցեն Եվրամիության հետ ինտեգրման հարցին և, հավանաբար, այն կդարձնեն գերակա»,- նշեց քաղաքագետը։
Ինչ վերաբերվում է ԵՄ-ից օգնություն խնդրելու մասով, ռուս քաղաքագետն իր կարծիքը հայտնեց․
«Եվրոպական առաջնորդները մշտապես Ռուսաստանին որպես սպառնալիք են տեսնում, չնայած դա այդպես չի։ Հայաստանում, երկրի ներսում խնդիրներ գտնելու փոխարեն, նրանք փորձում են հորինել ինչ-որ տեսակի ռուսական սպառնալիք, ինչ-որ տեսակի միջամտություն։ Ռուսաստանը չափազանց շահագրգռված է Հայաստանի Հանրապետությունում արդար և, սկզբունքորեն, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելով։ Բոլոր քաղաքական և սոցիոլոգիական կանխատեսումները, որոնք ներկայումս հասանելի են, ցույց են տալիս, որ Հայաստանը պահանջում է փոփոխություններ, պահանջում է նոր գործընթացների ըմբռնում։ Այժմ Հայաստանը, իմ կարծիքով, պետք է զբաղվի ներքին քաղաքականությամբ, ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությամբ»,- նշեց Սապրիկան։

Русский