Մերձավոր Արևելքում արդեն մեկ ամիս շարունակվող կործանարար պատերազմը դեռևս հեռու է ավարտից. այդ մասին են վկայում հակամարտող կողմերի կոշտ հայտարարությունները և դիվանագիտական փակուղին։ Միջազգային մամուլում օրերս շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին փոխանցել է հակամարտության դադարեցման 15 կետանոց ծրագիր, որը, սակայն, Թեհրանի կողմից մերժվել է։
Առաջարկվող ծրագրով Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքի մշակումից, իր հարստացված ուրանի պաշարները փոխանցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և դադարեցնի աջակցությունը տարածաշրջանում գործող դաշնակից զինված խմբավորումներին։ Բացի այդ, նախատեսվում է սահմանափակել Իրանի հրթիռային ծրագիրը՝ թե՛ հեռահարության, թե՛ քանակի առումով, ինչպես նաև հստակեցնել, որ դրանց կիրառումը թույլատրելի է միայն ինքնապաշտպանական նպատակներով։ Առանձին կետով նշվում է նաև Հորմուզի նեղուցի լիարժեք բացումը միջազգային նավագնացության համար։ Փոխարենը Վաշինգտոնը խոստանում է ամբողջությամբ վերացնել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, աջակցել նրա քաղաքացիական միջուկային ծրագրին՝ ներառյալ Բուշերի ատոմակայանի գործունեությանը, ինչպես նաև երաշխավորել, որ սահմանափակումները չեն վերականգնվի։
Սակայն Իրանը հայտարարել է, որ նման պայմաններն իր համար անընդունելի են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին մի շարք աղմկահարույց հայտարարություններով է հանդես եկել՝ նշելով, թե Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել․ սակայն վախենում է բացահայտ ասել, քանի որ կարծում է՝ ժողովուրդն իրենց կսպանի։ Իր հերթին Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ից ստացվող հաղորդագրությունները, որոնք փոխանցվում են տարբեր միջնորդների միջոցով, չեն կարող դիտվել որպես իրական բանակցություններ։ Նա հավելել է, որ Իրանը պահանջում է ոչ միայն պատերազմի լիակատար դադարեցում, այլ նաև փոխհատուցում՝ կրած ավերածությունների համար։ Արաղչին նաև նշել է, որ Թրամփի կողմից բանակցությունների մասին խոսելը կարելի է ընկալել որպես դիրքերի թուլացման նշան՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Վաշինգտոնը խոսում էր անվերապահ կապիտուլացիայի մասին։ Հորմուզի նեղուցի հարցում նա ընդգծել է, որ որոշ «բարեկամ» երկրներ շարունակում են օգտվել այդ երթուղուց։ Միաժամանակ, Թրամփը զգուշացրել է, որ Իրանը պետք է ավելի լուրջ վերաբերվի ամերիկյան առաջարկին, հակառակ դեպքում կարող է բախվել լուրջ հետևանքների։
Նրա խոսքով՝ Թեհրանը հակամարտության ընթացքն իր օգտին շրջելու հնարավորություն չունի։ Տարածաշրջանային հակամարտությունը արդեն իսկ զգալի վնաս է հասցնում համաշխարհային լոգիստիկային և արդյունաբերությանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաշխարհային առևտրում և ներդրումային դաշտում աճող ցնցումները դառնում են նոր իրականություն՝ կոչ անելով միջազգային հանրությանը ցուցաբերել խոհեմություն։
Հատկանշական է նաև, որ հինգ արաբական երկրներ իրենց տարածքը տրամադրել են ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հաղորդակցությունը տեղի է ունենում միջնորդների միջոցով, մասնավորապես՝ Պակիստանի մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ այս նուրբ դիվանագիտական գործընթացը արդեն հանգեցրել է «կառուցողական հաղորդագրությունների փոխանակման», թեև ամբողջությամբ հրապարակային չէ։ Այսպիսով, իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ․ կողմերը դեռևս չեն մոտեցել փոխընդունելի լուծման, իսկ հակամարտության խորացումը սպառնում է ոչ միայն տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային կայունությանը։
Ալիտա Եղիազարյան

Русский