Այսօր լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը դադարեցրել է առկա դասընթացները և անցել է առցանց ուսուցման՝ Իրանի կողմից տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ կապված համալսարանների նկատմամբ սպառնալիքների ֆոնին:
MediaHub-ը կապ հաստատեց Ամերիկյան համալսարանի մամուլի պատասխանատուի հետ և տեղեկացավ, որ իսկապես անվտանգության նկատառումներից ելնելով և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, միայն այսօր՝ մարտի 30-ին, համալսարանի բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Համալսարանից նշեցին, որ այդ որոշումը պարզապես նախազգուշական միջոցառում է, և որ Հայաստանի ամերիկյան համալսարանի նկատմամբ որևէ իրական և ուղղակի սպառնալիք առկա չէ, ինչպես նաև առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։
Համալսարանի ղեկավարությունն ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։ Նշենք նաև, որ նման որոշում է կայացրել հենց Հայաստանի ամերիկյան համալսարանի ղեկավարությունը և ԱՄՆ-ից որևէ նման հրահանգ չի եղել։ Ի դեպ, հեռավար դասերին հետևելու են ոչ միայն ուսանողները, այլ նաև դասախոսներն են տանից դասավանդելու իրենց առարկաները։ Մեր հարցին՝ պատրա՞ստ է արդյոք համալսարանը նման ձևաչափով դասերն անցկացնելուն, մամուլի պատասխանատուն ասաց, որ դեռ կովիդի ժամանակից իրենք այդ փորձառությունն ունեն, ուստի դասերն արդյունավետ անցկացնելու հետ կապված որևէ մտահոգություն չկա։
Հիշեցնենք, որ Թեհրանը սպառնացել էր հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող իսրայելական և ամերիկյան համալսարաններին՝ ի պատասխան իրանական երկու բուհերի ռմբակոծության։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին ժամանակ էր տվել իրականացված հարձակումները դատապարտելու համար։ Եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է զերծ պահել տարածաշրջանում գտնվող իր համալսարանները պատասխան միջոցներից, ապա պետք է մինչև մարտի 30-ը (Թեհրանի ժամանակով կեսօրը), դատապարտի բուհերի ռմբակոծությունները։
Թագուհի Ասլանյան

Русский