Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ Հայաստանը չի ստորագրում Իրանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիրը

Blog Image

Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ գործընթացը ներկայումս ակտիվ փուլում չէ։

Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ հասկանալու, թե ինչով է պայմանավորված այս դադարն ու ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։

Քաղաքագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակը բավականին կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Իրանում ընթացող զարգացումները։ «Իրանը փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում։ Այդ պայմաններում երկրի կառավարման համակարգը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Նույնիսկ հարց է առաջանում՝ նման փաստաթուղթը ով պետք է ստորագրի, երբ պետական կառույցների կայունությունն ինքնին խնդիրների առաջ է կանգնած»,– նշեց Դանիելյանը։

Անդրադառնալով հարցին, թե երկարաժամկետ առումով պայմանագրի չստորագրումը ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսական հնարավորությունների վրա՝ քաղաքագետը զգուշավոր գնահատական տվեց։ Նրա խոսքով՝ այս փուլում որևէ կանխատեսում անելը գրեթե անհնար է, քանի որ Իրանի դերակատարումը կարող է կտրուկ փոխվել՝ կախված պատերազմի ելքից։

«Եթե Իրանը կարողանա այս ճգնաժամից դուրս գալ ուժեղ դիրքերում, ապա ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև գլոբալ մակարդակում կարող է դառնալ առանցքային դերակատար։ Այդ դեպքում արդեն կարող են ձևավորվել նոր պայմանավորվածություններ և համագործակցության նոր ձևաչափեր»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, ապա Դանիելյանը կարծում է, որ տվյալ պայմանագրի բացակայությունն այս պահին առաջնային չէ։ «Այս պահին պայմանագիրը երկրորդական է, ամեն ինչ կախված է նրանից,  թե պատերազմը, որ Իրանի դեմ տարվում է, ինչպես կավարտվի։ Պատերազմի արդյունքներից կախված է լինելու ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև համաշխարհային քաղաքականության վիճակը»,– եզրափակեց խոսքը քաղաքագետը։

Այսպիսով, փորձագետների գնահատմամբ՝ հայ-իրանական ռազմավարական համագործակցության հարցը ժամանակավորապես հետին պլան է մղվել՝ պայմանավորված լայն տարածաշրջանային զարգացումներով, իսկ հետագա հեռանկարները մեծապես կախված են Իրանի շուրջ ձևավորվող նոր իրականությունից։

Ալիտա Եղիազարյան

Send