Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Ուրվականը» հասել է Վայք․ Վայոց ձորի բնակավայրերում բնակիչներին շարունակում է ահաբեկել դիմակավորված անձը

Blog Image

Վայոց ձորի մի շարք բնակավայրերի բնակիչներին օրեր շարունակ ահաբեկած դիմակավորված անձը հասել է Վայք։ Նրա «ձեռագիրը» չի փոխվել․ տղամարդը շարունակում է քարերով հարվածել բնակարանների տանիքներին, դռներին ու պատուհաններին, ապա կայծակնային արագությամբ հեռանալ։

Հիշեցնենք, որ Մալիշկա գյուղի բնակիչներին ավելի քան 10 օր ահաբեկության մեջ պահած «ուրվականը» օրեր առաջ տեղափոխվել էր Արենի խոշորացված համայնքի Ագարակաձոր բնակավայր։
 
«Արդեն մի քանի օր է՝ Ագարակաձորում և Մալիշկայում հանգիստ է, արտառոց դեպքեր չեն գրանցվել։ Սակայն երիտասարդները շարունակում են գիշերները հերթապահել գյուղում, քանի որ անկոչ հյուրը սովորաբար հայտնվում է կեսգիշերն անց»,- MediaHub-ին փոխանցեց Մալիշկայի բնակիչը։
 
MediaHub-ի տեղեկություններով՝ անցած գիշեր դիմակավորված տղամարդը հայտնվել է նաև Վայքում՝ շարունակելով նույն գործելաոճը։
 
Մեր զրուցակիցը չի բացառել, որ տղամարդը միայնակ չի գործում։ «Չի բացառվում, որ խմբով են ահաբեկում մեր բնակիչներին։ Հակառակ դեպքում՝ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ քաղաքացիները չեն կարողանում բռնել։ Սա միայն իմ կարծիքը չէ․ մեզ մոտ բոլորը խոսում են այն մասին, որ, հնարավոր է, հատուկ պատրաստված խումբ լինի։ Թե որն է քարերով տներին հարվածելու եւ բնակչությանն ահաբեկելու պատճառը, առայժմ հայտնի չէ»,- ասաց նա։

Վայոց ձորի բնակիչները շարունակում են սպասել, որ իրավապահները կպարզեն դիմակավորված անձի ինքնությունը և կկանխեն բնակավայրերում ստեղծված անհանգստությունը։
 
Հունան Թադևոսյան

Send