Երեկ՝ օգոստոսի 23-ին նշվում էր Հայաստանի Անկախության հռչակագրի օրը։ Հանրային գործիչ Հայկ Մովսիսյանի խոսքով՝ այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են հրաժարվել Հռչակագրից՝ այն Սահմանադրությունից հանելու միջոցով, ինչը, նրա գնահատմամբ, տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջներին ընդառաջ։
«Հենց Ալիևին չնեղացնելու համար էլ երեկ դրանցից ոչ ոք չհիշեց ու չշնորհավորեց այդ օրը, իսկ ժամանակին հայրենավաճառը գոնե երեք ուղղումից էր փորձում շնորհավորել և հստակ թիվ նշել։ Հատուկ Ալիևի կամակատարների համար․ Հռչակագիրը հայ ժողովրդի ինքնորոշման և անկախ պետություն ունենալու անբռնադատելի իրավունքի արտահայտությունն է, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա և ուղղված չէ որևէ ժողովրդի դեմ։ Իրական խաղաղությունը երբեք չի կառուցվում սեփական հիմնարար արժեքներից ու իրավունքներից հրաժարվելու միջոցով»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ Հռչակագրից հրաժարվելը չի կարող արդարացվել պատերազմից խուսափելու կամ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությամբ։ «Անկախության հռչակագիրը պատերազմի գործիք համարելը փորձ է՝ արդարացնելու հետագա զիջումները։ Իրականում այն խաղաղության և ինքնիշխանության երաշխիք է, քանի որ պետությունը կանգուն է այնքան ժամանակ, քանի դեռ հիշում է իր ստեղծման ակունքները։ Ուժեղ պետությունը հարգում է սեփական պատմությունը և պաշտպանում իր շահերը։ Հռչակագիրն ամրագրում է հայության արդար ձգտումները։ Դրանից հրաժարվելը չի բերում անվտանգություն, այլ միայն մեծացնում է արտաքին ճնշումները՝ ստեղծելով միակողմանի զիջումների շղթա»,- ընդգծել է հանրային գործիչը։
Մովսիսյանի խոսքով՝ Անկախության հռչակագիրը հայ քաղաքական մտքի կարևորագույն փաստաթղթերից է, որը դարձել է հայկական պետականության վերականգնման խորհրդանիշ։ «Անկախության հռչակագիրը անսակարկելի և բացարձակ արժեք է։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր գիտակցում են Անկախության հռչակագրի արժեքը»,- ասում է Հայկ Մովսիսյանը։

Русский