Օրեր առաջ «ՀայաՔվե»-ն հայտարարել էր, որ դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ընտրություններին։
«ՀայաՔվե»-ն մասնավորապես մատնանշել էր արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանի՝ Անդրանիկ Թևանյանին ձերբակալելու վերաբերյալ հրահանգը՝ այն գնահատելով որպես անթույլատրելի գործելաոճ։ Ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտել էր իշխանությունների նման վարքագիծը։
MediaHub-ը դիմեց ԿԸՀ՝ պարզելու, թե ինչ որոշում է կայացվել Փաշինյանի մասնակցությունը չեղարկելու պահանջի վերաբերյալ։ Հանձնաժողովից տեղեկացրին, որ «ՀայաՔվե»-ից որևէ գրություն չեն ստացել։
Պարզաբանում ստանալու համար կապվեցինք նաև «ՀայաՔվե» նախաձեռնության մամուլի պատասխանատու Դավիթ Սարգսյանի հետ։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը, որպես ընտրական գործընթացի սուբյեկտ չհանդիսացող կառույց, իրավասու չէ դիմել ԿԸՀ-ին։ ««ՀայաՔվե»-ն ներկայացրել է Փաշինյանին գրանցումից զրկելու կամ գրանցումը չեղյալ համարելու հիմքերը՝ բռնության կոչ, ատելության խոսք և այլ հանգամանքներ։ Սակայն նախաձեռնությունը դիմելու իրավասություն չունի, քանի որ ընտրությունների սուբյեկտ չէ։ Այդ հարցով ԿԸՀ կարող է դիմել ցանկացած ընդդիմադիր ուժ»,- նշեց Սարգսյանը։
Էմմա Մարտիրոսյան

Русский