Ռուսաստանի կառավարությունը մարտի 19-ին Պետդումա է ներկայացրել «Քաղաքացիության մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը, որոնք ընդունվեցին առաջին ընթերցմամբ։
Օրենքը թույլ է տալիս Ռուսաստանի նախագահին զորքեր տեղակայել այլ երկրներ՝ միջազգային և ազգային դատարանների կողմից արտերկրում կալանավորված ռուսներին «պաշտպանելու» համար։ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ օրինագծի նպատակն է արտերկրում ամրապնդել իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը անբարյացակամ օտարերկրյա պետությունների գործողություններից և նրանց իրավունքների և ազատությունների անօրինական խախտումներից։ Փոփոխությամբ «Քաղաքացիության մասին» օրենքում ավելացվում է դրույթ, որը սահմանում է, որ Ռուսաստանի իշխանությունները «ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ» արտերկրում ձերբակալված, կալանավորված կամ հետապնդվող քաղաքացիներին պաշտպանելու համար։
«Պաշտպանության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվում են համապատասխան միջոցառումները։ Փոփոխությունը ներառում է դրույթ, որը հնարավորություն է ընձեռում ՌԴ նախագահին զորքեր ուղարկել արտերկիր՝ այնտեղ հետապնդվող Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար։ Օրինագծով Ռուսաստանի իշխանությունների կողմից նման ուժային պաշտպանությունն ապահովվելու է արտերկրում ձերբակալված ոչ բոլոր ռուսաստանցիներին, այլ միայն միջազգային դատարանների կամ այլ պետությունների կողմից «օժտված լիազորություններով» ազգային դատարանների կողմից հետապնդվողներին։
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, մեկնաբանելով տվյալ նախագծերի նպատակը, ասաց, որ նման փոփոխությունները Ռուսաստանի համար ոչ բարեկամ հայտարարաված պետություններից ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար են։ Խոսքը այնպիսի քրեական գործերի ու հետապնդումների մասին է, որոնք կհարուցվեն ՌԴ քաղաքացիների նկատմամբ քրեաիրավական հետապնդում իրականացնող այնպիսի կառույցների կողմից, որոնցում Ռուսաստանը ներկայություն չունի։
Օրինակ՝ Միջազգային քրեական դատարանի կողմից, որը հիմնվել է հայտնի Հռոմի ստատուտի հիման վրա։ Եթե ինչ-որ երկրում ձերբակալեն ՌԴ քաղաքացու, հատկապես պաշտոնյայի այդ դատարանի պահանջով, որի ստատուտը վավերացրել է տվյալ երկիրը՝ պարտավորվելուվ կատարել դատարանի պահանջները, ապա Ռուսաստանը կարող է ռազմական միջամտություն ցուցաբերել։ «Ընդ որում, ռազմական միջամտությունը սեփական քաղաքացիների իրավունքները պաշտպանելու գործիքներից մեկն է։ Փոփոխությունները նաև այլ գործիքներ են ներառում՝ դիվանագիտական, իրավական օգնության ցուցաբերում։ Բայց եթե Միջազգային քրեական դատարանի պահանջով այդ դատարանի ստատուտը ստորագրած երկրում Ռուսաստանի պաշտոնյայի կամ շարքային քաղաքացու դեմ գործ հարուցվի և նրան ձերբակալեն, դա նշանակում է մարդու առևանգում և նման դեպքերում Ռուսաստանը իրավունք ունի նաև զորքի միջոցով պաշտպանելու սեփական քաղաքացուն»,- ասաց փորձագետը։
Հայկ Այվազյանը հավելում է, որ միջազգային նման կառույցների կողմից սովորաբար հետապնդումների են ենթարկվում նաև քաղաքական, հասարակական, մշակութային այն ռուսաստանաբնակ ու այդ երկրի քաղաքացի գործիչները, որոնք այս կամ այն ձևով առնչվում են ռուս-ուկրաինական պատերազմին և հրապարակավ սատարում են Ռուսասանին։ Նրանք կարող են չխախտել տվյալ երկրի օրենքները կամ միջազգային օրենքները, բայց, օրինակ, Ուկրաինայի բանակի դեմ մարտնչող ռուսական բանակում երգող շոու-բիզնեսի ներկայացուցիչները կարող են հետապնդման ենթարկվել, կամ Դոնբասում բարեգործական գործունեություն իրականացնող որևէ գործիչ, և նրանց պաշտպանելու համար Ռուսաստանը կարող է կիրառել այդ օրենքը։
Ըստ փորձագետի՝ նման փոփոխությունների անհրաժեշտությունը նախադեպերի առկայությունն է, և նախագծերի նպատակը նման դեպքերի կանխումն է կամ արդեն իսկ եղած դեպքերով ՌԴ քաղաքացիների պաշտպանությունը ստանձնելու ավելի արդյունավետ միջոցի ստեղծումը։ Ի դեպ, Հռոմի ստատուտը ստորագրած պետություններից մեկն էլ Հայաստանն է, և Հայկ Այվազյանը կարծում է, որ եթե Հայաստանին ՌԴ որևէ քաղաքացու ձերբակալելու պահանջ ներկայացվի, ապա ՌԴ իշխանությունները օրենքը նաև Հայաստանի նկատմամբ կկիրառեն՝ հաշվարկելով, թե «բանակցությունների» որ գործիքակազմն է ավելի նպատակահարմար տվյալ դեպքում։
MediaHub-ի հստակեցմանը, թե օրենքով նախատեսվում է նաև նման միջամտություն «այլ պետությունների լիազորություններով» օժտված ազգային դատարանների կողմից ՌԴ քաղաքացիների հետապնդման դեպքում, մեր զրուցակիցը հստակեցրեց, որ այդ ձևակերպումը վերաբերում է այն ազգային դատարաններին, որոնք ունեն միջազգային պայմանագրերով գործող վերադաս դատարան և տվյալ դեպքում նրանց պահանջն են իրականացնում։ «Եթե տվյալ ազգային դատարանը ոչ թե ներքին արդարադատություն է իրականացնում, այլ արտաքին մարմինների կողմից ներկայացված պահանջ, այն մարմինների, որոնց հետ միջազգային պայմանագրեր են ստորագրված պարտավորություններ կատարելու վերաբերյալ, ապա այդ դեպքում ՌԴ օրենքը կիրառելի է»։
Հայկ Այվազյանի հավաստմամբ՝ տվյալ փոփոխություններն ամենևին չեն վերաբերում այլ պետությունների դատաիրավական համակարգին միջամտելուն․ եթե ՌԴ քաղաքացին այլ երկրում մեղադրվել ու դատապարտվել է այդ երկրի օրենքներով ու դատարանի որոշմամբ, ապա օրենքը նման դեպքերին չի վերաբերում։ Հետևաբար, այդ օրենքով Ռուսաստանը չի կարող միջամտել նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործին, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը ակնհայտ միջազգային քրեաիրավական կառույցի պահանջ չէ։ «Սամվել Կարապետյանին Հայաստանի իրավական համակարգն է հետապնդում։ Դրան Վլադիմիր Պուտինը միայն քաղաքական գնահատական կարող է տալ»,- եզրափակեց փորձագետը։
Թագուհի Ասլանյան

Русский