Հայաստանի և ԱՄՆ-ի միջև սպասվող նոր փաստաթուղթը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատրաստվում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որի բովանդակությունը մինչ այս պահը պաշտոնապես չի հրապարակվել։
Հայկական կողմը միայն հայտնել է, որ հանդիպման ավարտին նախատեսվում են երկկողմ փաստաթղթի ստորագրում և մամուլի հայտարարություններ։
Ռուբիոյի այցն առանձնահատուկ ուշադրության է արժանացել հատկապես այն պատճառով, որ այն փաստացի «տրանզիտային» բնույթ ունի՝ օդանավակայանում հանդիպում, բանակցություններ և փաստաթղթի ստորագրում։ Քաղաքական շրջանակներում արդեն տարբեր վարկածներ են շրջանառվում՝ ինչ փաստաթուղթ է ստորագրվելու և ինչ քաղաքական ուղերձ է պարունակում այս այցը։
MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Գարիկ Քեռյանը նշեց, որ առայժմ ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։ «Թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, հստակ չեմ կարող ասել։ Պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։ Խոսվում է ինչ-որ համագործակցության հուշագրի մասին։ Ակնարկներ կային նաև, որ հնարավոր է՝ խոսքը նոր ատոմակայանի կառուցման համաձայնագրի մասին լինի, որովհետև, եթե հիշում եք, նախորդ այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ էլ ստորագրվեց նմանատիպ համաձայնագիր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև՝ ատոմակայանի շինարարության վերաբերյալ։ Կարծիքներից մեկն էլ այն է, որ փաստաթուղթը կարող է վերաբերվել միայն TRIPP նախագծին։ Առայժմ կանխատեսումները սրանք են»,- ասաց Քեռյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ այցը կարելի է դիտարկել նաև որպես քաղաքական աջակցություն գործող իշխանություններին։ «Իհարկե, այցը կարելի է մեկնաբանել որպես որոշակի աջակցություն ԱՄՆ-ի կողմից Հայաստանի գործող իշխանություններին։ Դա առանց հայտարարելու էլ տեսանելի է։ Մեծ պետությունները սովորաբար իրենց ազդեցության գոտում փորձում են ունենալ այնպիսի իշխանություններ, որոնք իրենց համար ավելի կանխատեսելի են և համագործակցության ավելի հակված։ Հայաստանի ներկա իշխանությունները բավական երկար ժամանակ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության և արևմտյան ուղղության ընտրության ճանապարհին են։ Բայց միաժամանակ ասել, թե նման այցերը հեղաշրջիչ դեր են ունենալու, ճիշտ չէ»,- ասաց քաղաքագետը։
Քննարկումների առանցքում է նաև հարցը, թե արդյոք այս ակտիվացումը նշանակում է, որ Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից և փորձում անդամակցել Եվրամիությանը։ Քեռյանի գնահատմամբ՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հեռանկարը չափազանց հեռու է։
«Հայաստանը, իմ գնահատմամբ, առնվազն առաջիկա 50 տարում Եվրամիության անդամ դառնալու շանս չունի։ Հայաստանը չունի սահման Եվրամիության հետ, իսկ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի։ Այստեղ խոսքը ոչ այնքան ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ մտնելու մասին է, որքան այն մասին, որ Հայաստանը ընտրում է եվրոպական ինտեգրման ուղին՝ ապագայում հույս ունենալով անդամակցել ԵՄ-ին։ Բայց սա բավականին հեղհեղուկ ձևակերպում է, որովհետև նման ճանապարհ ընտրած բազմաթիվ երկրների դեպքում էլ վերջնական արդյունքը դեռ չի երևում»,- նշեց Քեռյանը։
Քաղաքագետն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու Ռուբիոն չի մեկնում Բաքու՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ հարաբերություններում այլ տրամաբանությամբ է գործում։
«Միացյալ Նահանգները Ադրբեջանի հետ այդպիսի լուրջ խնդիրներ չունի, որովհետև Ադրբեջանն այսօր ամբողջությամբ ասոցացված է Թուրքիայի հետ՝ թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական առումով։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ամերիկյան շահերի գոտում է, ու եթե Վաշինգտոնը Բաքվի հետ որևէ հարց ունենա լուծելու, դա կարող է անել նաև Թուրքիայի միջոցով։ Իսկ Հայաստանի հետ ԱՄՆ-ն ունի դեռ չիրականացված ծրագիր, որի իմաստը, ըստ տարբեր գնահատականների, Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց վերջնականապես դուրս բերելն ու ԱՄՆ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների մեջ ներգրավելն է։ Այդ պատճառով էլ Թրամփի վարչակազմն ակտիվ է Հայաստանի ուղղությամբ»,- եզրափակեց Քեռյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский