Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դատական ակտը լրջագույն խնդիրներ ունի․ փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի գործի մասին

Blog Image

Ինչպես նախորդիվ հայտնել էինք` 2025 թվականի հոկտեմբերի 6-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ էր թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Այսօր արդեն տեղեկացանք, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Վերջինիս փաստաբան Արամ Օրբելյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ այդ որոշումը դեռ չեն ստացել։

«Ենթադրում եմ, որ որոշման մեջ լինելու են ընդհանուր ձևակերպումներ, որ Վճռաբեկ դատարանը չի հիմնավորելու միասնական կիրառման և իրավունքի խախտման հիմքերը, սրա հետ կապված մի քանի սահմանադրաիրավական գործընթաց կա.  ՄԻԵԴ-ով պայմանավորված՝ կքննարկենք վստահորդիս հետ, որովհետև դատական ակտը լրջագույն խնդիրներ ունի»,- ասաց փաստաբանը։

Օրբելյանի խոսքով՝  իրենք Վճռաբեկ բողոքում հստակ արձանագրել են ստորադաս դատական ակտերի ուղղակի հակասություն, այսինքն՝ մի դատարանը մի բան է ասել, մյուս դատարանը՝ մեկ այլ բան։

«Ես պետք է տեսնեմ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ այդ հանգամանքին ոնց են անդրադարձել։ Խիստ կասկածում եմ, որ անդրադարձել են, կարծում եմ՝ տեղերը բաց են թողել»,- հավելեց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանի առնչությամբ որևէ ապացույց չկա։ Միայն մեկ ապացույց կար, որը Վերաքննիչ դատարանը որոշել էր՝ թույլատրելի չէ, և հանել էր այն։ 

Փաստաբանը նշեց, որ ի սկզբանե դատական գործի  հարուցման օրինականացման հետ հարցեր իրենք բարձրացրել են։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։

Դատավճռի դեմ՝ դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ՝ խնդրելով ճանաչել Հրայր Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարից 12-ից մտել է օրինական ուժի մեջ:

Էմմա Մարտիրոսյան

Send