Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչպե՞ս օրգանիզմը պատրաստել գարնանը և խուսափել ճնշման տատանումներից

Blog Image

Գարնան գալուստը ոչ միայն բնության զարթոնքն է ազդարարում, այլ նաև որոշ մարդկանց համար առողջական խնդիրների ակտիվացումը։ Մասնագետների խոսքով՝ տարվա այս եղանակին հաճախանում են զարկերակային ճնշման տատանումները, հատկապես՝ զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց մոտ։

«Գարնանը հաճախ սրվում են զարկերակային ճնշման բարձրացումները և տատանումները։ Դա տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում։ Զարկերակային գերճնշմամբ մարդկանց դեպքում այն հաճախ հանգեցնում է ինքնաբուժության և դեղաչափի ավելացման, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ. ճնշումն սկսում է շատ իջնել, և այդ պատճառով նրաք վատ են զգում։ Եղանակային փոփոխությունները նաև կարող են բերել հորմոնալ տատանումների՝ կորտիզոլի բարձրացման, ինչն ուղեկցվում է զգայունության աճով։ Նյութափոխանակությունը նույնպես սկսում է փոխվել։ Խորհուրդ եմ տալիս, որ հիվանդն ինքնուրույն չփոխի դեղերը կամ դեղաչափերը, և միշտ դիմի բուժող բժշկին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանը:

Սրտաբանի խոսքով` հատուկ կանխարգելիչ միջոցառումներ չկան, սակայն գարունը հարմար ժամանակ է կենսակերպի փոփոխության համար։ Մասնագետը խորհուրդ է տալիս ձմռան ծանր և ճարպոտ սննդակարգից անցում կատարել ավելի թեթև, բանջարեղենով հարուստ սննդի։ Բացի այդ, ցուրտ ձմեռվանից հետո կարելի է ավելացնել քայլքը, աստիճանաբար վերականգնել ֆիզիկական ակտիվությունն ու խուսափել կտրուկ ծանրաբեռնվածությունից։

«Ցուրտ ձմեռվանից հետո գարնանը կարելի է շատ քայլել, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը վերականգնել, ֆիզիկական ակտիվությունը ավելացնել»,- ասաց Մանուկյանը:

Մանագետը նկատում է՝ գարնանը հաճախ ակտիվանում են նաև շնչառական վարակները, ուստի անհրաժեշտ է պահպանել զգուշություն։ Բժշկի խոսքով՝ գարնան շեմին կարելի է օգտագործել մուլտիվիտամինային համալիրներ։ 

«Հնարավոր են նաև գերլարված վիճակներ, քնի խանգարումներ, ջղաձգումներ, որոնց դեպքում կարող է անհրաժեշտ լինել մագնեզիում և կալցիում պարունակող հավելումների ընդունում»,- ամփոփեց խոսքը Լամարա Մանուկյանը։

Ալիտա Եղիազարյան

Send