«Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ՝ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար»,- հայտնում է Արագածոտնի թեմը։
Հոգևորականների դասը ստիպված է եղել չեղարկել Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով նախատեսված ուխտերթը՝ բախումներից ու սադրանքներից խուսափելու համար։
Տոնի առիթով, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը և մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։
Նշենք, որ Արագածոտնի թեմը մի քանի օր առաջ հայտնել էր, որ հունվարի 15-ին Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք ուխտագնացություն-խաչերթ է լինելու, որին հաջորդելու են Սուրբ և Անմահ Պատարագները թեմի Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցիներում։
Մինչև հիմա բռնազավթված Հովհաննավանքը պատահական չէր ընտրված. այնտեղ են ամփոփված Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։
Հունվարի 15-ը նաև Արագածոտնի թեմի առաջնորդ, կալանքի դատապարտված Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության օրն է։ Ուխտագնացություն-խաչերթը կազմակերպվել էր նաև այդ առիթով։
Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքի առկայությամբ Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այն մատուցել է Աշտարակի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը:
Նարե Գնունի

Русский