Վերջին օրերին վարորդները ահազանգում են, որ հեղուկ գազի շուկայում գները թռիչքաձև աճ են գրանցում. վառելիքի գինը հասել է ընդհուպ 300 դրամի, մինչդեռ շաբաթներ առաջ 200 դրամով էր վաճառվում։ Այս ամենի պատճառն, ըստ էկոնոմիկայի նախարարի, ճանապարհների փակ լինելն է, վառելիք ներմուծելը բարդացել է։
Ու, թերևս դա է պատճառը, որ նախկինում ներկրված վառելիքն այժմ տնտեսվարողը մի քանի անգամ թանկ գնով է վաճառվում։ Այս մասով վերահսկողություն, ինչպես հասկանում ենք չկա։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը երեկվա իր ասուլիսում հայտարարեց, որ էժան է եղել վառելիքը, և հիմա թանկացել է, քանի որ ներմուծումը, եղանակով պայմանավորված է բարդացել։
Ինչևէ, խնդիրն այնքան է լրջացել, որ այսօր Կառավարության նիստում էլ քննարկման արժանացավ։
«Սա սովորական պրոցես է, որն ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում։ Դա ճանապարհի փակ լինելով է պայմանավորված»,- Կառավարության նիստում ներկայացրեց Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ սովորական բան է դա՝ ապրիլ-մայիս ամիսներին վառելիքն էժան է, իսկ դեկտեմբերին՝ թանկ։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խնդիրը լուրջ է, և պետք է լուծում ստանա։
«ՀՀ-ում մատակարարումների տարբեր ուղիներ ու աղբյուրներ պիտի ունենանք։ Պետք չէ այլ բան փնտրել։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստահ եղեք»,- շեշտեց Փաշինյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ արձանագրեց՝ Հայաստան հեղուկ գազ գալիս է Իրանից և ՌԴ-ից՝ Վերին Լարսով։ Եվ հիմա երկու ուղղություններով էլ բարդություն կա ներկրման հարցում։
«Մենք առաջարկել ենք օգտվել երկաթուղային հաղորդակցությունից, և կարծում ենք, որ առաջիկայում այդ հարցը մեկընդմիշտ կլուծենք։ Այդ ապրանքախումբը երկաթուղով կարող ենք բերել ՀՀ»,- վստահեցրեց նա։
Սա, ըստ Կառավարության, կլինի ներմուծման քաղաքակիրթ տարբերակը, և նման խնդիր այլևս չի առաջանա։
Այսպիսով, սիրելի վարորդներ, հեղուկ գազը կէժանանա, երբ ՀՀ Կառավարությունը կարողանա պայմանավորվածություններ ձեռք բերել և երկաթուղային տարբերակով մեր երկիր հեղուկ գազ բերել։ Իսկ մինչ այդ, տնտեսվարողները, ինչպես կարող են, «կթալանեն» ձեզ։
Նարե Գնունի

Русский