Իրանում իրավիճակը գնալով սրվում է։ Իրանում դեկտեմբերի 28-ից շարունակվող հակակառավարական ցույցերի զոհերի թիվը, ըստ ակտիվիստների, երեկ հասել էր 2571-ի։
Սակայն, MediaHub-ին Իրանում բնակվող հայերը նշում են, որ իրավիճակը Թեհրանում անկառավարելի է։ Մարդիկ ուղղակի արտագաղթում են այլ երկրներ, սկզբից` Իրանի գյուղեր, ապա մտածում են արտագաղթել Կանադա կամ Եվրոպա։
«Ես երեկ եկա Հայաստան, մեր հարազատներն էլ են գալիս, չենք ցանկանում մնալ այդ իրավիճակում, ուղղակի, այսպիսի բան չէինք տեսել, իրավիճակն ահավոր է, խայտառակություն, տնից դուրս գալը բացառվում էր, չգիտեմ` ինչպես հասա օդանավակայան: Չվերթը չհետաձգվեց, արագ եկա, հարազատները տուն-տեղ ծախում են, թողնում և գալիս են Հայաստան։ Մնալ Իրանում այս պահին նշանակում է մահանալ»,- նշեց հայ համայնքի մեր զրուցակիցը։
Նա հավելեց, որ դիպուկահարները շենքերի վրա էին, իսկ կրակում էին բոլորի վրա։ «Ներսից շպիոններ կային, սա ուղղակի մարդասպանություն էր, այսպիսի բան չէր եղել Իրանում, մենք արտագաղթում ենք, ու չենք պատրաստվում վերադառնալ Իրան, ապրել անընդհատ պատերազմական իրավիճակում անհնար է։ Ներսից Իրանը փորձում են կոտորել, քանդել, ինչ ազգի ասես կան ցուցարաների մեջ, այս պահին Թեհրանը դատարկվում է՝ կա՛մ մարդիկ հասցնում են արտագաղթել, կա՛մ սպանվել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե երկրում ցույցերի ժամանակ սպանվել է 2500-ից մինչև 12000 ցուցարար՝ հայտնելով, որ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
Արաղչին կրկնել է իրանական կողմի տեսակետը, որ ցույցերն իրականացվել են «դրսից եկած ահաբեկչական տարրերի կողմից», որոնք հարձակվել ու կրակել են ոստիկանների և իրավապահների վրա։ «Նրանք ողջ-ողջ այրել են ոստիկանների, գլխատել են նրանց, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական մարդկանց վրա։ Արդյունքում երեք օր շարունակ մենք փաստացիորեն կռվել ենք ահաբեկիչների, այլ ոչ թե ցուցարարների դեմ»,- ասել է նա։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ այդ «ահաբեկիչների» նպատակը մեկն է եղել՝ ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ։
«Նրանք ուզում էին ավելացնել մահերի թիվը։ Ինչո՞ւ։ Որովհետև նախագահ Թրամփը հայտարարել էր, որ եթե սպանություններ լինեն, նա կմիջամտի։ Եվ նրանք ուզում էին նրան ներքաշել այս հակամարտության մեջ», - նշել է Իրանի արտգործնախարարը՝ կատարվածը որակելով որպես իսրայելական ծրագիր։
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին երկրում։
Մարիաննա Արամյան

Русский