Խաղաղության անիվն ակոսից դուրս կթռչի՝ անդառնալի հետևանքներով։
Հայաստանի իշխանություններն այսպիսի տրամաբանությամբ շարունակում են կուլ տալ Ադրբեջանից հնչող զրպարտչական, ստահոդ մեղադրանքները Հայաստանի, հայ ժողովրդի, ՀՀ նախկին և ներկա իշխանությունների հասցեին՝ վախենալով թեկուզ դիվանագիտական լեզվով պաշտոնական Բաքվին հասկացնել, որ լեզուն ատամների արանքում պինդ սեղմած պահի, որովհետև ադրբեջանցի պաշտոնյաների՝ ստահոդ ու սպառնալի տոնով արված հայտարարություններն ու նրանց կողմից ամեն հայկականը ոչնչացնելու մոլուցքով դրսևորվող վարքը ամենևին չեն նպաստում երկկողմանի խաղաղության հաստատմանը։
Բայց Երևանը ստորացումն ու նվաստացումը նախընտրելի դիրքորոշում է համարում՝ անունը դնելով կառուցողական մոտեցում խաղաղության հաստատման գործընթացին։ Տևական ժամանակ է անցել, ինչ մեր իշխանությունները միմիայն Ադրբեջանի նկատմամբ իրենց համեստ, հանդուրժողական վարքագծով փորձում են վարակիչ օրինակ դառնալ Ալիևի ու նրա պաշտոնյաների համար, բայց ակնհայտ է, որ Բաքվի խոսույթը ոչ միայն չի փոխվում, այլ նաև ավելի հավակնոտ ու անպատկառ է դառնում։ Հայաստանինն էլ՝ հակառակը՝ ավելի ու ավելի երկչոտ, վախվորած ու զիջողական։
Երևանը լռում է, երբ հայկական պատմամշակութային արժեքները, հուշարձանները, գերեզմանները և պատմական հիշողության այլ վկայություններ հողին են հավասարվում բարբարոս ադրբեջանցիների կողմից, ձևախեղվում ու յուրացվում են, աղճատվում։ Հայաստանը լռում է, երբ Բաքվից մեղադրանքներ են հնչում Արցախն իբրև հայերի կողմից տարիներ շարունակ օկուպացվելու և դրա համար փոխհատուցումներ վճարելու ու Հայաստանի, Արցախի ռազմաքաղաքական վերնախավին պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին։ Հայաստանը լռում է, երբ Բաքուն պաշտոնական ներողություն է ակնկալում Հայաստանից։ Իշխանությունները լռում են, երբ աշխարհով մեկ հայերին ֆաշիստներ, ռևանշիստներ, զավթիչներ, բարբարոսներ, մարդասպաններ ու եղեռնագործներ են հռչակում։
Ինչո՞ւ են լռում։ Այդ հարցին երեկ ԱԺ-ում պատկերավոր պատասխան է տվել մեր արտաքին հարաբերությունների կարգավորման առաքելություն ունեցող կառույցի ղեկավարը՝ Արարատ Միրզոյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան, թե ինչու ԱԳՄԱ-ն չի արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից նրանց իրենց «հայրենի բնօրրաններից» զրկելու համար, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ դա ակնհայտորեն կվնասի խաղաղության գործընթացին և Հայաստանը դրանից բացարձակ ոչինչ չի շահի։
«ԱԳՄԱ նախարարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ և առաջնորդությամբ, խաղաղություն է կառուցում՝ հասկանալով, որ շատ բարդ է, խոչընդոտներ կան հազար, փոսեր կան, շատ հեշտ է ընկնել։ Անիվը սիրում է ակոսով գնալ, երբ անգամ մի քիչ ջանքեր են գործադրվում այդ ակոսը մի կողմ դնելու, շատ հեշտ է, մեկ էլ՝ թըփ, անիվն ընկնում է իր սիրած ակոսը։ Մենք փորձում ենք խուսափել այդ ակոսներից, խաղաղություն ամրապնդել, խնամել, հոգ տանել խաղաղության մասին։ Էնքան կարելի է արձագանքել. մի հատ ավելի սուր բան ասել, հետո ավելի սուր բան էնտեղից ստանալ, հետո ավելի սուր բան ասել։ Հավատացնում եմ, ես այնքան ամպագոռգոռ ու հայրենասիրական բառեր գիտեմ, էնքան պաթոսային բառեր գիտեմ։ Հարցը հետևյալն է՝ դա անելը կնպաստի՞ խաղաղությանը։ Ես էլ կարող եմ տասը հատ հայտարարություն անել, որ չի նպաստում, և՞, վատ տեղ կհասնենք»,- ընդդիմադիր պատգամավորին այսպես է պատասխանել նախարարը՝ հավելելով, որ Հաջիևի հայտարարությունը ամենևին չի նպաստում խաղաղության հաստատմանը։
Այնուհանդերձ, նախարարը նորից Ադրբեջանի համար մեղմացուցիչ հանգամանքներ է գտել, թե իբրև «վերքերը շատ թարմ են, հակամարտությունը նոր է վերջացել, զոհեր և արյուն է եղել այս կողմում և այն կողմում, ոչ մի կոնֆլիկտի և պատերազմի մեջ մեղր չեն բաժանում»։ Նախարարի համոզմամբ՝ «հասարակությունները պետք է հաշտվեն, ցավը ստեղ էլ կա, էնտեղ էլ կա։ Պետք է ավարտել այդ հակամարտությունը և մտնել խաղաղության համագործակցության փուլ, դրանից մենք ենք շահելու, դրանից նրանք են շահելու»։
Արարատ Միրզոյանի հայտարարությունից տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք այդ դեպքում մենք հաշտ մեր ցավի հետ և դադարել պետական մակարդակով Բաքվի ու նրա քաղաքական ղեկավարության մասին որևէ թթու, կծու արտահայտություն թույլ տալ, շատ զգուշավոր ենք, աններելի զուսպ։ Այդ նույն ցավը մեզ չի՞ ստիպում պոռթկալ, եթե խնդիրն այդ ցավի մեջ է։ Ինչո՞ւ պետք է դա ներվի Ադրբեջանին, բայց չներվի մեր ժողովրդին, չներվի ընդդիմությանը, եթե նրանք Բաքվին մեղադրող հայտարարություններ են անում, չներվի հայ եկեղեցուն, որովհետև միակ կառույցն է մնացել, որ դեռ միջազգային հարթակներում բարձրաձայնում է Արցախի օկուպացման, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման, արցախցիներ՝ իրենց բնօրրան վերադառնալու իրավունքների մասին։
Ուրեմն, հարգելի կամ ոչ հարգելի ՀՀ իշխանություններ, հարգեք նաև մեր սեփական ցավն ու հանդուրժողաբար ընդունեք դրա ցանկացած դրսևորում, եթե նույնը պատրաստ եք անել մեր երբեմնի թշնամու նկատմամբ։ Եթե վերքը թարմ է, ուրեմն պետք է վերացվի՞ հայկական ցանկացած հետք մեր պատմական հայրենիքում։ Եթե անգամ բանը Արցախում հայկական գերեզմանները պղծելուն է վերաբերում, ապա արդյո՞ք դա թարմ ցավի մորմոքից է, թե՞ հստակ պետական քաղաքականություն, որն իրականացվում է հայերի նկատմամբ՝ հնարավորինս նրանց պատմական դերն ու արժեքը նվաստացնելու նպատակով։
Ավելին, Ադրբեջանը չի հանգստանում և շարունակում է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններ կատարել։ Մասնավորապես հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն օրերս հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն այն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ «հայրենի եզերք»։
«Կան որոշակի անջնջելի պատմական իրադարձություններ։ Սակայն մենք ռևանշ վերցնելու մտադրություն չունենք։ Հարատև խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և հանդես գալ նախաձեռնություններով։ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցի ժողովրդից»,- հավելել է Հաջիևը։ Ալիևի օգնականը նաև նշել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ սոսկ թղթի վրա՝ ամենայն հավանականությամբ՝ Բաքվի բոլոր պահանջները չբավարարելու դեպքում։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը պետք է իրական ներդրում ունենա երկու երկրների կյանքում։
Ի՞նչ նկատի ունի ադրբեջանցի պաշտոնյան, կարելի է գլխի ընկնել։ Հարատև խաղաղություն հաստատելու համար, ըստ Հաջիևի, անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և հանդես գալ նախաձեռնություններով։ Եթե այդ նախաձեռնությունները վերաբերում են ադրբեջանցիների այսպես կոչված՝ հայրենի եզերք վերադառնալուն, ապա դա նշանակում է, որ Հաջիևը խոսել է ոչ միայն հայկական Արցախի տարածքի մասին, այլև Հայաստանի տարածքում իրենց թվացյալ ադրբեջանական տարածքների, որտեղ ևս պետք է վերադառնան իբրև հայրենազրկված ադրբեջանցիներ։ Եվ հենց այդ ուղղությամբ պետք է քայլեր նախաձեռնվեն։ Համենայն դեպս, Ադրբեջանը նման ակնկալիք ունի։
Եվ նման արտահայտություններն ու նախապայմանների ներկայացումը Հայաստանը ներկայացնում է զուտ որպես երբեմնի ցավի, կորստի դրսևորում, ինչը մի օր կսառչի ու կդադարի մխալ։ Մինչդեռ քիչ թե շատ իրավագիտակից շարքային քաղաքացին հասկանում է, որ ադրբեջանական հայտարարությունները մորմոքով չեն ասված, այլ հստակ պահանջներով ու սպառնալիքներով։ Հենց այդպիսի լեզվով է արձագանքում Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների գորովալի հայտարարություններին՝ իրենց երազած խաղաղության ու այդ ուղղությամբ արվող քայլերի մասին։
Փաշինյանն առիթը բաց չի թողնում սիրագորով հայտարարություններ անել Վրաստանի միջով Հայաստանի սահմանը բացելու մասին՝ դա համարելով նկատելի ձեռքբերում երկկողմանի խաղաղության ճանապարհին։ Բայց մոռանում է նժարի մյուս կողմում դնել Բաքվի բռնապետի ու նրա պաշտոնյաների հանցալի արարքներն ու ամենևին խաղաղությանը չնպաստող հայտարարությունները, ինչը հաստատել է նաև Արարատ Միրզոյանը։
Թագուհի Ասլանյան

Русский