Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բանն անգամ արտահերթ ընտրություններին չի հասնի․ ԵԱՏՄ անդամությունից զրկելուց հետո այս իշխանություններին կարող են հեռացնել

Blog Image

Հայաստանում ՏԻՄ համակարգը 1990-ականներից այնպես է ձևավորվել, որ այն, ըստ էության, տեղական ինքնակառավարման մարմին չի ներկայացնում՝ իր դասական ընկալմամբ։

ՏԻՄ-երը, փաստացի, գործադիր իշխանության շարունակությունն են քաղաքային կամ գյուղական համայնքներում։  

MediaHub-ի հարցադրմանը, թե վերջին ՏԻՄ ընտրություններից ինչ հետևություններ կարելի է անել՝ հաշվի առնելով իշխանությունների գրեթե միահեծան հաղթանակը, այսպիսի պարզաբանում տվեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ ասելով, որ ի սկզբանե իրավական դաշտն է այդպես ձևավորվել, որ այդ մարմինները տնտեսական, ուժային ինքնուրույնությունից զրկված են և չունեն այն կշիռը, որը սովորաբար պետք է ունենան տեղական ինքնակառավարման մարմինները։

«Դրանք ընկալվում են ընդամենը որպես համայնքի բարեկարգման համար պատասխանատու վարչարար կառույցներ։ Ավագանու գործառույթն էլ շատ չի տարբերվում զրուցարաններում նստող մարդկանց զրույցներից։ Դրա համար ինքնին մարմինը որևէ կարևորություն չի ներկայացնում։ ՏԻՄ մարմինների ընտրության հիմքում մեզանում դրվում է «մեր թաղի լավ տղուն ընտրելու» գաղափարը, թեև ըստ էության այդ ընտրությունները քաղաքական գործընթաց են։ Մարդիկ իրենց ճանաչած գյուղի, թաղի, համայնքի «լավ տղային են» ընտրում, ոչ թե թեկնածուների ծրագրերը, զարգացման հայեցակարգերը»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը։

Իշխանական թեկնածուների կողմից 80-90 տոկոս քվե ստանալու հանգամանքը Արմեն Բադալյանը բնականոն է համարում մեզ նման կառավարման համակարգ ունեցող երկրի համար։

«Հայաստանում անձնիշխան կառավարման համակարգ է, և այստեղ ինքնուրույն գործող մարմին չեն հանդուրժում։ Չի կարող մեկ կենտրոնի վերահսկողությունից դուրս գտնվող և մեկ անձի իշխանությունը չսպասարկող մարմին լինել՝ լինի Երևանի ավագանի, Երևանի պետական համալսարան, պետական համակարգում գործող որևէ ինստիտուտ, կառույց կամ ինչ-որ ՏԻՄ։ Ով էլ լինի իշխանության՝ կապ չունի՝ ՔՊ-ն է, «Հայաստան», «Ուժեղ Հայաստան» դաշինքները, թե կոմունիստական կուսակցությունը, ՏԻՄ-երը դառնալու են նրանց կամակատարը։ Այդպիսին է մեր համակարգը»,- հավելեց մեր զրուցակիցը՝ ասելով, որ այդ «բարի» ավանդույթը փոխելու համար պետք է փոխվի նախ Հայաստանի կառավարման համակարգը, ՏԻՄ ձևավորման օրենսդրական դաշտը, որից հինգ-տասը տարի հետո ՏԻՄ անկախ ընտրություններ կունենանք։

Իշխանությունների համատարած հաղթանակը Արմեն Բադալյանը պայմանավորում է իշխող քաղաքական ուժի կողմից համատարած վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Նա նշում է, որ անգամ լրատվամիջոցներն արձանագրեցին, որ հստակ ուղղորդումներ են եղել իշխանության կողմից։ Օրինակ՝ ընտրատեղամասերում ընտրախցիկներում մեկից ավելի մարդիկ կային, որոնք հսկում էին, թե քաղաքացին ինչպես է քվեարկելու։ Նաև խմբային ուղղորդման ու վերահսկման դեպքեր են գրանցվել։

«Բնականաբար, նման դեպքերն իրավապահ համակարգի կողմից որևէ արձագանք չեն ունենալու, որովհետև գիտեն՝ ով է բերում, ում է բերում և ինչի համար են բերում։ Եթե ընդդիմադիր ուժերի կողմից նման դրսևորումներ լինեին, որևէ ծանր հոդվածով կձերբակալեին ու կկալանավորեին։ Բայց քանի որ հայտնի է, թե հիմնական «տասովշիկներն» ում համար են աշխատում, նրանց նկատմամբ որևէ պատիժ չի կիրառվել»,- վստահ է քաղտեխնոլոգը։

Բացի դա, ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրվեցին, ինչը ևս, ըստ Արմեն Բադալյանի, անդրադարձավ ընտրությունների արդյունքների վրա։ Ճնշումներն այնպիսին էին, որ որոշ բնակավայրերում իշխանությունը միանձնյա էր մասնակցում ընտրությանը՝ միակ թեկնածուով։ Նրա դիտարկմամբ՝ այդպես եղավ Արմավիրում, որտեղ իրենց կուսակցությունը հարյուրտոկոսանոց քվե ստացավ, այնինչ օրենքը թույլ է տալիս, որ նվազագույնը երեք ուժ մասնակցի ընտրությանը. եթե նրանք չհաղթեին էլ, գոնե ավագանու գործառույթներ կունենային։ Բայց իշխանությունն ամեն ինչ արեց, որ հարյուր տոկոս ունենա ու այդպես կարողանա ցույց տալ իր ուժի գերակայությունը։

«Ժամանակին քաղաքական գործիչներից մեկն ասում էր՝ ինչքան կուզենք, կխփենք։ Հիմա էլ քանի տոկոս ուզեցին, խփեցին։ Զարմանալի է, որ գյուղական համայնքներում, հատկապես ՔՊ-ն, մեծ ձայներ ստացավ, այնինչ այդ համայնքների գյուղացիների գյուղմթերքը Ռուսաստան չի արտահանվում, և դրանից իրենք մեծ տնտեսական վնասներ կրեցին հենց այդ քաղաքական ուժի պատճառով, որին նորից ընտրեցին՝ կարևոր չէ՝ ուղղորդված, թե կամավոր։ Սա վկայում է, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրական գործընթացների միջոցով լուրջ քաղաքական փոփոխություն իրականացնել։ Հայաստանում ընտրական մեխանիզմը չի աշխատում՝ սկսած 1995 թվականից, և դրանք չեն վերածվում սոցիոլոգիական կենդանի հարցման։ Արևմուտքում, երբ որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը հաղթում է, դա ազդակ է լինում, որ իշխող քաղաքական ուժը սկսի մտածել, թե ինչ փոփոխություններ անի, որ շահի մարդկանց վստահությունը։ Այնտեղ ՏԻՄ ընտրությունները կենդանի սոցիոլոգիայի դեր են կատարում, մեր մոտ այդ մեխանիզմը չի աշխատում, և ով այդ պահին իշխանություն է, իր համար ՏԻՄ է ձևավորում ու այլևս չի մտածում իր վերափոխման մասին»։

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում արված անդրադարձին, որում նա հայտարարեց, թե 70+, 80+, 90+ ձայներ հավաքելուց ամենևին երջանիկ չէ, քանի որ այլ ասոցիացիաներ են առաջանում, թե Հայաստանում ավտորիտարիզմն է իշխում, Արմեն Բադալյանն ասաց, որ ՏԻՄ ընտրություններում այլ արդյունք չէր կարող լինել, քանի որ իր կառավարման տարիներին իշխանությունը հենց այդպիսի՝ անձնիշխան կառավարման համակարգ է ձևավորել, որ համակարգում ընդգրկված բոլոր կառույցները ենթարկվեն մեկ կենտրոնի։

«Եթե նա դրանից երջանիկ չէ և ՏԻՄ արդյունքներն իրեն դուր չեն գալիս, ուրեմն քվեարկություններից առաջ ընդդիմության թեկնածուներին ու նրանց կուսակիցներին թող չձերբակալեր ու կալանավորեր։ Եթե նա ժողովրդավարական արդյունքներ էր ակնկալում ու ժողովրդավարությունից է խոսում, ուրեմն դատական համակարգը, ՏԻՄ-ը չպիտի դարձնի գրպանային։ 2016-2017 թվականներին այդ ժամանակվա իշխանությունը նույնպիսի տոկոսներ էր հավաքում, բայց դա չօգնեց նրանց, որ հավերժ իշխանության մնան։ Այս իշխանություններին էլ չի օգնելու։ Իսկ Նիկոլ Փաշինյանի տվայտանքները ցուցադրական են։ Նրանք ունեցան ընտրությունների այդպիսի պատկեր, որովհետև ձգտում էին դրան, ցանկանում էին, որ այդպես լինի և ամեն ինչ արեցին դրա համար»,- ասում է քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով Փաշինյանի՝ պետականամետ ընդդիմություն ձևավորելու մասին հայտարարությանը՝ Արմեն Բադալյանն այն համատարած անձնիշխանություն ձևավորելուն միտված քայլ է համարում։ Պետականամետ ընդդիմությունը, Փաշինյանի հասկացությամբ, նշանակում է գրպանային, վարչապետին ենթակա ընդդիմություն։ Այդկերպ Փաշինյանը ցանկանում է հարյուր տոկոսով անձնիշխան կառավարման համակարգ ձևավորել, քանի որ այդ համակարգում վարչապետին չենթարկվող միակ քաղաքական կառույցն ընդդիմությունն է մնացել, որը ևս նա ցանկանում է վերացնել։

Սակայն քաղտեխնոլոգը դա անհավանական է համարում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ զեկույցում ներկայացված Հայաստանին սպասվող այն հեռանկարը, որը կարող է երկրում սոցիալական ճգնաժամ առաջացնել՝ փշրելով ներկա իշխանությունների բոլոր հետագա պլանները։

«Չգիտենք՝ ինչ զարգացումներ կլինեն ԵԱՏՄ-ի կողմից Հայաստանին հեռացնելու և դրա հետևանքների արդյունքում, դրա համար հարց է՝ մինչև հաջորդ ընտրությունները, որոնցով կկարողանան ընդդիմությանը հեռացնել, այս իշխանությունները կմնա՞ն, թե՞ նրանց կհեռացնեն։ Շատ բան կարող է փոխվել, նոր ու անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել։ Անգամ արտահերթ ընտրություններին բանը կարող է չհասնել»,- մեզ հետ զրույցը եզրափակեց պարոն Բադալյանը։

Զրուցեց Թագուհի Ասլանյանը

Send