Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սուկ Յուլը կարող է մահապատժի ենթարկվել, հաղորդել է Reuters-ը
Յուն Սուկ Յուլին մեղադրում են ապստամբության համար, որը կապված 2024 թվականին ռազմական դրություն հայտարարելու հետ։ Նախկին նախագահին սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն։ Հարավային Կորեան մահապատժի ոչ պաշտոնական մորատորիում է պահպանել գրեթե 30 տարի և 1997 թվականից ի վեր մահապատժի չի ենթարկել ոչ մի դատապարտվածի։
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանում լսումների ժամանակ մեղադրողները պնդել են, որ Յունը և այն ժամանակվա պաշտպանության նախարար Կիմ Յոնգ-հյունը դեռևս 2023 թվականի հոկտեմբերին սկսել են մշակել մի ծրագիր՝ խորհրդարանը կասեցնելու և օրենսդիր իշխանությունը ստանձնելու համար։
Մեղադրողները պնդել են, որ Յունը փորձել է քաղաքական հակառակորդներին, այդ թվում՝ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Լի Ջե Մյոնգին, անվանել «հակապետական ուժեր» և կալանավորել նրանց։
Դատախազների խոսքով՝ այն ժամանակվա նախագահը և Կիմը փորձել են նաև ռազմական դրություն մտցնելու պատրվակ ստեղծել՝ Հյուսիսային Կորեայի հետ լարվածությունը սրելով գաղտնի անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Չնայած ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձը տևել է ընդամենը մոտ վեց ժամ, այն ցնցումներ է առաջացրել Ասիայի չորրորդ խոշորագույն տնտեսությունում, որը ԱՄՆ-ի անվտանգության կարևոր դաշնակից է և երկար ժամանակ համարվում է Ասիայի ամենակայուն ժողովրդավարություններից մեկը։

Русский