Նախօրեին հայտնի դարձավ, որ նախօրեին հետապնդումներ են սկսվել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ։ Թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպս Սարոյանը տարբեր միջոցներով փորձում է սպառնալ այն քահանաներին, որոնք չեն միացել հակաեկեղեցական արշավին ու իրենց առաջնորդ են ընդունում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, ում Վեհափառ Հայրապետը նշանակել է թեմի առաջնորդական տեղապահ, և որը այս կիրակի պատարագ մատուցեց Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցում։
Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը ևս այն հոգևորականների շարքում է, որին առաջարկ է եղել անցնել Գևորգ Սրբազանի կողմը, սակայն նա կտրականապես մերժել է այդ առաջարկը։
«Հանդիպում է եղել, ինձ առաջարկություն է եղել, որպեսզի միանամ նախկին առաջնորդ Գևորգ սրբազանին: Ես այդ առաջարկությունը մերժել եմ՝ հաստատելով, որ եկեղեցու կարգ ու կանոնին հնազանդ եմ: Ով եկել էր այդ հանդիպմանը՝ նման առաջարկություն անելու, ինձ ծանոթ մարդ էր՝ իմ համայնքից, որի հետ բազմիցս առնչվել ենք, լավ հարաբերությունների մեջ ենք եղել և հիմա էլ լավ հարաբերություններ ունենք: Ես իրեն սիրուն ներկայացրել եմ եկեղեցու կարգն ու կանոնը և իմ դիրքորոշումը»,- MediaHub-ին պատմեց տեր Հովսեփը:
Նրա խոսքով՝ երաշխիք չկա, որ նման առաջարկ նորից չի արվի, սակայն ինքը կարող է հստակ երաշխավորել, որ հավատարիմ է մնալու իր արդեն իսկ արված հայտարարությանը։
«Հնարավոր է, չեմ կարող բացառել, որովհետև իրականում սա երկրորդ հանդիպումն է: Հնարավոր է հետագայում էլի ցանկանան հանդիպել, ես պատրաստ եմ, ծառայության մեջ եմ։ Ինձ համար առաջին տեղում եկեղեցու կարգն ու կանոնը պահելն է: Ես հնազանդ եմ եկեղեցու կարգ ու կանոնին և հնազանդ եմ լինելու»,- նկատեց նա։
Դիտարկմանը, որ թեմի շատ հոգևորականներ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ հնազանդ են Վեհափառ Հայրապետին ու նրա որոշումներին, արդյո՞ք նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնք ստիպված կլինեն անցնել Գևորգ Սրբազանի կողմը, տեր Հովսեփը պատասխանեց. «Ես ինձ համար կարող եմ երաշխավորել»։

Русский