Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՄԻՊ-ի կողմից անտեսված քաղաքացիները. ինչո՞ւ է Անահիտ Մանասյանը լռում ​

Blog Image

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն առերևույթ շարունակում է մնալ խոցելի դաշտում, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են ինչպես քաղաքական գործիչները, այնպես էլ մի շարք քաղաքացիներ։ Այս ամենի հետևանքով հաճախ քննադատության թիրախում է հայտնվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ անգործության կամ ուշացած արձագանքների համար։

Վերջին նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել էր մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը։ Վեդի համայնքի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս էր գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար, որտեղ գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։ 

Պատարագի ընթացքում լրագրողների հետ զրույցում նա նշել էր․ «Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարողանում մնալ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Վափշե չեմ մասնակցել նման բաների, որ չգայինք, չէր լինի»։

Թեպետ Վեդիի համայնքապետարանը պաշտոնապես հերքել էր իր աշխատակցի խոսքը՝ պնդելով, թե որևէ պարտադրանք չի եղել, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը լրագրողների հարցին ի պատասխան հայտնել էր, որ դեպքը ուսումնասիրվում է։

Անահիտ Մանասյանի այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց MediaHub-ը փորձեց պարզել, թե ինչ արդյունքների է հանգել այդ ուսումնասիրությունը և արդյոք ձեռնարկվել են ինչ-որ գործողություններ։ ՄԻՊ-ին ուղղված մեր հարցումները օրեր շարունակ մնացին անպատասխան։ Գրասենյակից որևէ հստակ պարզաբանում չտրվեց՝ ոչ ուսումնասիրության ընթացքի, ոչ էլ հնարավոր եզրակացությունների վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լռությունը, ընդ որում, առաջին անգամը չէ, քաղաքացիների մոտ ամրապնդում է այն կարծիքը, որ իրենք ՀՀ-ում իրենց իրավունքները ՄԻՊ-ի կողմից պաշտպանված չեն։

Էմմա Մարտիրոսյան

Send