Վերջին երկու շաբաթվա ընթացքում հեղուկ գազի գինը թռիչքաձև աճում է. եթե նախկինում վառելիքի գինը 190 դրամ էր, ապա այժմ այն տատանվում է 230-300 դրամի շրջանակում։
Այս հանգամանքը վարորդների մոտ խիստ վրդովմունք է առաջացրել. սոցցանցերի տարբեր խմբերում ամեն օր տասնյակ գրառումներ են հայտնվում թե՛ գազի գնի և թե՛ որակի հետ կապված։
«Որակ չկա, հերիք չի, թանկ են վաճառում, մի բան էլ քաշի մեջ խաբում են։ Որակն էլ ուղղակի նկարագրել չենք կարող. մեքենաները փչանում են»,- բողոքում են վարորդները, ապա հորդորում մի պահ անցնել ցանկացած «գազավիկի» մոտով ու տեսնել, թե քանի մեքենա է անսարք կանգնած՝ գազի որակի պատճառով։ Ավելին, կան լցակայաններ, որոնցում ուղղակի գազ չկա։
«Ես երեկ գիշեր 10-ի կողմերը 7 զապռավկա մտա, չկար, մենակ Էրեբունիում 250-ով կար»,- պատմում է վարորդներից մեկը։
Իսկ ինչո՞ւ է թանկացել վառելիքը. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի պարզաբանմամբ՝ պատճառը ոչ միայն բորսայի գինն է, այլ նաև՝ ճանապարհների փակ լինելն ու ներկրման ժամկետի երկարաձգումը։
«Երբ ասում եք՝ ամեն անգամ թանկանում է, այդպես չէ։ Ամեն անգամ էժանանում է, նոր հետո թանկանում է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ հեղուկ գազը բորսայում ապրանք է։
Անգամ այս պարագայում հասկանալի չէ Գևորգյանի ասածը, քանի որ ըստ օրենքի, իրավունք չկա արդեն իսկ ներկրված վառելիքի գինը բարձրացնել, ինչ է թե այս պահին նոր խմբաքանակ չի ներկրվում։
Ինչևէ, չնայած դրան, ընդդիմությունը պնդում է, որ այս ամենը կապված է ադրբեջանական բենզինի ներկրման հետ. ամեն ինչ արվում է, որ այդ վառելիքն իրացվի։
Նշենք, որ ադրբեջանական վառելիքի գինը շուկայում 430-450 դրամի շրջանակում է տատանվում։
Այսինքն՝ եթե սա հստակ քաղաքական պատվերով ուղղորդված քայլ է, ապա ինչ-ինչ շահեր սպասարկելու համար տուժում են շարքային քաղաքացիները, իսկ եթե քաղաքական չէ, ապա այս պարագայում էլ սխալ կառավարումն է բերում այդ ամենին, քանի որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, փաստացի, ձեռքերը լվանում է այս հարցում, իսկ տնտեսվարողն ինչ ու ինչպես ուզում է, անում է։
Նարե Գնունի

Русский