ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Դուբայի օդանավակայանը, որն օրական ավելի քան 1000 չվերթ է սպասարկում, վնասվել է Պարսից ծոցի երկրներում օբյեկտների վրա հարձակման հետևանքով, հաղորդում է Reuters-ը: Հարվածները վնասել են նաև Աբու Դաբիի և Քուվեյթի օդանավակայանները: Մերձավոր Արևելքի խոշորագույն օդանավակայանները՝ ներառյալ Դուբայինը, բավականին երկար ժամանակ փակ էին մնում:
MediaHub-ը «Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում է, որ Դուբայից և դեպի Դուբայ չվերթները գործում են, նույնն է նաև Աբու Դաբիի դեպքում, սակայն, Դոհայից չվերթները դեռևս չեղարկված են։
Նշենք, որ այս ամենի ֆոնին բուռն քննարկումների առարկա դարձավ այն, որ մարտի 3-ին «Flyone Armenia» ավիաընկերության Մասկատ-Երևան թռիչքի արժեքը սկսվում էր 1140 եվրոյից։
Ուսումնասիրելով ավիաընկերության կայքը՝ նկատում ենք, որ անգամ բողոքի նման ալիքից հետո տոմսերի գները չեն իջել. մարտի 5-ի տոմսի արժեքը 1199 եվրո է, մարտի 6-ինը՝ 1049 եվրո, մարտի 7-ինը՝ 1049 եվրո։
MediaHub-ը ՀՀ ԱԳՆ-ից փորձեց ճշտել, թե մինչ այս պահը քաղաքացիներն իրենց միջոցներո՞վ են գնել ավիատոմսերը, թե՞ պետությունը փոխհատուցել է, և քանի՞ ՀՀ քաղաքացի է վերադարձել այդ թռիչքներով։
«Օմանում և ԱՄԷ-ում դեսպանությունները մեծապես աջակցել են թռիչքների թույլտվությունների, Աբու Դաբի-Մասկատ տեղափոխման, սահմանային անցումների հարցերում: Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- նշեցին ԱԳՆ-ից՝ հավելելով, որ երկու թռիչքով վերադարձել է մոտ 110 ՀՀ քաղաքացի, ովքեր իրենց միջոցներով են գնել ավիատոմսերը։
Նշենք, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն այսօր հայտնել է․ «Տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 5-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված ՎԵՐՋԻՆ ԱՆՎՃԱՐ տեղափոխման հնարավորությունից։
Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540։ Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն։ Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝ Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 5-ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքի ժամը 05:30-ին։ Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 5/ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 05:30-ին։ Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 5-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս»։

Русский