Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արցախի ղեկավարությունն ազատ կարձակվի՞․ ի՞նչ որոշում կկայացնի Ալիևը

Blog Image

Ալիևը բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունն ազատ կարձակվի։

«Դատավարությունը բացարձակ թափանցիկ էր, նրանց հանցագործություններն ապացուցվել են»,- ասել է Ալիևը՝ անդրադառնալով դատական նիստերին, որոնք ընթացել են առանց անկախ փաստաբանների, իրավապաշտպանների ու լրագրողների, լուսաբանվել են բացառապես պետական լրատվամիջոցով:

Պատասխանելով արցախցիների վերադարձի մասին հարցին՝ Իլհամ Ալիևն ասել է, որ եթե Հայաստանը նման հայտ ներկայացնի, Ադրբեջանն այն կդիտարկի, բայց դա կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով. «Մենք ակնկալում ենք նույնը, որ հարյուր հազարարավոր ադրբեջանցիներ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, կարողանան վերադառնալ ներկայիս Հայաստան»:

Ի՞նչ զարգացումներ կլինեն Ալիևի խոսքերից հետո, արդյո՞ք Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունն ազատ կարձակվի․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Կարեն Իգիթյանի հետ, ում մուտքը ՀՀ արգելվել է  հուլիսի 5-ին, երբ նա վերադառնում էր  Պյատիգորսկից։

«Կարծում եմ` գերիներին ազատելու հարցն ինքնին առաջին հերթին հետաքրքրում է Հայաստանի հասարակությանը, և ավելի շատ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, հետաքրքրում է արցախահայությանը, բայց ընդհանրապես հետաքրքիր չի Հայաստանի գործող իշխանությունների համար։ Այդ մարդիկ Հայաստանի այսօրվա իշխանությունների համար քաղաքական հակառակորդ են լինելու, ուստի իշխանությունները հետաքրքրված չեն, որ այդ մարդիկ ազատ արձակվեն։ Դրա համար տենց իմիջիայլոց ասում են, հետո իմիջիայլոց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսն է հիշեցնում Իլհամ Ալիևին և անցնում են առաջ։ Այն լուրջ աշխատանքը մարդկանց ազատելու համար, իհարկե, Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունների կողմից  չի իրականացվում»,- նշեց Իգիթյանը։

Այսօր Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը կրկին «Զանգեզուրի միջանցք» տերմինն է կիրառել։ Չնայած, որ ՀՀ իշխանությունները բացառապես օգտագործում են TRIPP ձևակերպումը։

««Զանգեզուրի միջանցքը»/ TRIPP նախաձեռնությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան/Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապը ամրապնդելու համար»,- գրել է Հաջիևը։

Ի՞նչն է պատճառը, որ ադրբեջանական կողմը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, չնայած, որ հայկական կողմը բացառապես օգտագործում է «TRIPP» ձևակերպումը։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք»-ին, ապա դա այն է, ինչ  պարտադրում է Ադրբեջանը, իրենք պարտադրում են, որ ունենան անխոչընդոտ կապ  Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ առանց շփում ունենալու Հայաստանի ուժային, և ընդհանրապես, Հայաստանի պետական մարմինների հետ։ Սա իրենց պահանջն է, և կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։ Հայաստանի գործող իշխանությունները, նույն բանը իրականացնելով՝ փորձում են անունը փոխել՝ ռեբրենդինգ անելով, այսպես ասած, տալ ինչ-որ դրական լիցք այդ անվանը, այսինքն՝ ավելի դրական բան են ներկայացնում, թե դա լրիվ ուրիշ բան է։ Բայց եթե մենք նայենք փաստով, ապա ինչո՞վ է «TRIPP»-ը տարբերվում Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցք»-ից, ոչ մի բանով չի տարբերվում։ Կարծում եմ՝ ավելի շատ քարոզչական պայքար է գնում, և եթե ուշադրություն դարձնեք, երբ որ Հայաստանում են ասում «Զանգեզուրի միջանցք» կամ նման մի բան, ապա իշխող կուսակցության ներկայացուցիչները շատ ագրեսիվ պատասխաններ են տալիս, բայց երբ Ադրբեջանում են օգտագործում, Ալիևն է օգտագործում, ապա իրենք հիմնականում լռում են և ոչ մի բան չեն ասում Ալիևին»,- նկատեց Իգիթյանը։

Նշենք, որ դեռ դեկտեմբերին ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ TRIPP-ը «Զանգեզուրի միջանցքը» չէ։ Ռուբինյանն անդրադարձել էր Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի այն հայտարարությանը, թե այս նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան, ինչպես որ դեմ էր «Զանգեզուրի միջանցքին»։

«TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է ՀՀ-ի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության ներքո և հավասարության սկզբունքներով»,- ասել էր Ռուբինյանը։

Send