Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տղաների արյnւնը «ջրվեց» մի լիտր ադրբեջանական բենզինով

Blog Image

Այսօր Նիկոլ Փաշինյանն իր ոճի մեջ հերթական հայտարարությունն արեց՝ այս անգամ էլ ասելով, թե ադրբեջանական բենզինը Հայաստանում վաճառելը ոչ այլ ինչ է, քան Եռաբլուրում հանգչող տղաների հիշատակը վառ պահելուն միտված քայլ։ Որպես իր այս խոսքի հիմնավորում էլ նա նշեց այն, որ տղաները հանուն կայուն ու անվտանգ երկրի էին պայքարում, իսկ հիմա Հայաստանում կայունության ու անվտանգության պատմական ցուցանիշ ունենք. ադրբեջանական բենզինը մեր շուկա բերելն էլ վառ օրինակ։ 

Փաշինյանի այս ձևակերպումը մեղմ ասած տարակուսելի է։ Նախ այն պարզ պատճառով, որ «կայունության» մասին խոսքը միակողմանի է։ Եթե Հայաստանում ադրբեջանական արտադրանքն ազատ վաճառվում է և դա ներկայացվում է որպես խաղաղության ու վստահության նշան, ապա ինչո՞ւ նույն տրամաբանությունը չի գործում հակառակ ուղղությամբ։ Ադրբեջանում չկա հայկական որևէ արտադրանք՝ ոչ սննդամթերք, ոչ արդյունաբերական ապրանք, ոչ էլ նվազագույն առևտրային ներկայություն։ Ստացվում է, որ «խաղաղության դիվիդենդներից» օգտվում է միայն մեկ կողմը, իսկ զիջումները կրկին մնում են հայկական կողմի ուսերին։

Երկրորդ՝ խնդիրը միայն տնտեսությունը չէ, այլ հիշողության քաղաքականացումը։ Զոհված զինվորների հիշատակը հարգելը չի կարող սահմանափակվել շուկայի բացմամբ, կամ բենզալցակայանների ցուցանակներով։ Այդ հիշատակը հարգվում է նախ և առաջ վերաբերմունքով՝ զոհվածների ծնողների, ընտանիքների, նրանց ցավի ու արժանապատվության նկատմամբ։ Իսկ հասարակությունը դեռ լավ է հիշում Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպերը, երբ զոհվածների ծնողներին քաշքշում էին իրավապահները։ Հիշում է հերոսածին հայրերին, որոնք կալանավորվել և ամիսներով զրկվել են սեփական որդիների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այս փաստերի ֆոնին զոհերի հիշատակի մասին հռետորաբանությունը շատերի համար հնչում է ոչ թե որպես հարգանքի դրսևորում, այլ որպես հարմար ձևակերպում՝ «արդարացում»։

Ավելին՝ կա նաև հողային ու քաղաքական պատասխանատվության հարցը։ Ինչպե՞ս կարելի է խոսել զոհվածների հիշատակի հարգման մասին, երբ այդ նույն տղաների արյամբ պահված տարածքները առանց համապարփակ հանրային քննարկման ու համաձայնության հանձնվեցին Ադրբեջանին։ Այդ հողերը պարզապես քարտեզի վրա գծեր չէին, այլ կոնկրետ մարդկանց կյանքի գնով պահված սահմաններ։ Եվ այստեղ արդեն բենզինի թեման դառնում է հազարերորդական։

Այս համատեքստում Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ հիշեցնում է պոպուլիզմի հերթական ալիք, փորձ՝ միակողմանի զիջումները որպես ձեռքբերում ներկայացնելու, իսկ ցավոտ իրականությունը՝ որպես «կայունության» անխուսափելի գին։ Սակայն «կայունությունը», որը կառուցվում է անհավասար պայմանների, լռեցված դժգոհության և չլսված ցավի վրա, հազիվ թե կարողանա երկարատև լինել։ Իսկ զոհվածների հիշատակը չի կարող լինել քաղաքական մանիպուլյացիայի գործիք՝ անկախ նրանից, թե ինչ ապրանք է հայտնվում հայկական շուկայում։

Նարե Գնունի

Send