MediaHub-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։
ՆԳՆ-ից հայտնել էին, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։
Նախնական տվյալներով՝ կա երկու տուժած։ MediaHub-ի տեղեկություններով՝ տուժած քաղաքացիներից մեկը մահացել է։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ Կատարվում է նախաքննություն»,- MediaHub-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
Մարիաննա Արամյան

Русский