Քանի օր է՝ հայաստանցի ֆերմերները խուճապի մեջ են՝ ՌԴ-ի կողմից հայկական ծագման լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի, ելակի ներմուծման համար սահմանված արգելքների պատճառով։
Եվ ոչ միայն։ Լոլիկ աճեցնող ֆերմերները բողոքում են նաև իրանական ծագման ու անհամեմատ մատչելի լոլիկի ներկրումից, ինչի պատճառով տեղական ու ավելի թանկ ինքնարժեքով լոլիկը իրենք չեն կարողանում իրացնել տեղական շուկայում, գինն իջեցնելու դեպքում էլ անգամ ծախսերը չեն կարողանա փոխհատուցել։ Առանց այն էլ իրենց ռուսական մեծ շուկայից զրկած իշխանությունների անհեռատեսության, ապիկարության հետևանքով հատկապես լոլիկ արտադրողները հայտնվել են անելանելի վիճակում, հուսահատված են և շատերը որոշել են՝ եթե ոչինչ չփոխվի իրենց արտադրանքի իրացման համար շուկաներ ապահովելու հարցում, ապա պարզապես կդադարեցնեն գործունեությունը ու հնարավոր է մեկնեն արտագնա աշխատանքի՝ լքելով երկիրը։
Միայն խոստումներով քաղաքացիներին կերակրող իշխանություններն անգամ այս պայմաններում հուսահատ ֆերմերներին փորձում են համոզել նախընտրական այս փուլում չըմբոստանալ ու չընդվզել, որպեսզի իրենց դեմ չտրամադրեն առանց այդ էլ իշխանությունների գործունեությունից դժգոհողներին կամ իրենց քվեն ՔՊ-ին տալու մտադրություն ունեցողները հանկարծ միտքը չփոխեն՝ հասկանալով, որ իրականում իշխանությունների եվրոպամետությունը փորձանք է դառնալու Հայաստանի ժողովրդի գլխին։
Միայն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարող էր գյուղատնտեսների համար այսպիսի դժվարին պայմաններում զավեշտալի հայտարարություն անել, թե ռուսական սահմանափակումների շնորհիվ միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան հարմար գներով լոլիկ գնել։ «Կառավարությունը բոլորին օգնություն կցուցաբերի, ինչի արդյունքում բերքը կիրացվի, իսկ քաղաքացիները կգնեն արտադրանքը մատչելի գնով, գները կնվազեն։ Դրանից կշահի ամբողջ բնակչությունը, ջերմոցների սեփականատերերը կկարողանան իրացնել իրենց ապրանքը։ Բոլորի համար լավ լուծումներ կգտնվեն»,- ասել է այս պահին արձակուրդի մեջ գտնվող և քարոզարշավ իրականացնող նախարարը։ Նա նաև հավելել է, թե սերտորեն կաշխատեն Երևանի քաղաքապետարանի հետ՝ գյուղմթերքի իրացման նոր վաճառակետեր ավելացնելու համար, ինչպես նաև եվրոպական երկրներ արտադրանքի արտահանման ծրագիր կմշակեն։ Ի տարբերություն իր քաղաքական թիմի ղեկավարի՝ Գևորգ Պապոյանը Ռուսաստանի հետ հարցը քննարկելու և առանց որևէ նյարդի խնդրին լուծում տալու մասին չի խոսել։
Եթե Փաշինյանը հայտնում է, թե ռուսական շուկայում հայկական արտադրանքի համար խնդիրներն առաջացել են զուտ սահմանված չափորոշիչների խախտումների պատճառով, ապա Գևորգ Պապոյանի համար թերևս ակնհայտ է, որ խնդիրը քաղաքական հարթության մեջ է, ուստիև նա տրամաբանական է համարում ստեղծված իրավիճակը՝ գտնելով, որ պետք է ռուսական շուկային այլընտրանք գտնել, որքան էլ որ այն շահավետ լինի Հայաստանի համար։ «Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջել ինքնիշխանության ու անկախության հարցերում։ Եթե ռուսական շուկայում սահմանափակումներ կիրառվեն, Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն։ Հայաստանի կառավարությունն արդեն հաշվարկել է այն սուբսիդիաների ծավալը, որը կպահանջվի դեպի Եվրամիության երկրներ հայկական այն արտադրանքի արտահանման համար, որը կարող է սահմանափակումների բախվել ռուսական շուկայում»,- ասել է Պապոյանը:
MediaHub-ի հետ զրույցում գյուղատնտեսությամբ զբաղվող և հենց լոլիկ աճեցնող ֆերմերներից Կարենը, որը չցանկացավ իր ազգանունը հանրայնացնել, ասաց, որ ինքն այլևս չի հավատում այս իշխանությունների որևէ խոսքին ու խոստումին, հետևաբար Գևորգ Պապոյանի ասածները ևս իր համար համոզիչ չեն։ «Եթե իշխանությունն իրոք մտածեր հայ ֆերմերի մասին, ապա իրանական լոլիկով, որն ըստ հրապարակումների՝ Հայաստան է մտնում առանց մաքսազերծվելու, ուստի շատ մատչելի է, շուկայում դեմպինգ չէր անի։ Այդ լոլիկի անհամեմատ ցածր գնի պատճառով տեղական լոլիկը շատ վատ է իրացվում։ Ստացվում է, որ իրանական լոլիկ ներկրողի պատճառով տեղացի ֆերմերը չի կարող եկամուտ ստանալ, քանի որ տեղական լոլիկի ինքնարժեքն արդեն ավելի բարձր է ստացվում՝ հաշվի առնելով ծախսերը։ Եթե գյուղացին իջացնի լոլիկի գինը, որպեսզի այն ևս իրացվի, ապա դա լուրջ հարված կլինի նրա գրպանին, անգամ իր կատարած ծախսերը չի կարողանա հանել։ Մյուս կողմից էլ, փաստորեն, ֆերմերները չեն կարողանա եկամուտ ունենալ, որպեսզի գոնե իրենց ու ընտանիքի մասին հոգ տանեն»,- մեզ հետ անկեղծացավ Կարենը՝ հայտնելով, որ ինքը ստեղծված վիճակից միակ ելքը իշխանափոխությունն է համարում, քանի որ չի վստահում այս իշխանություններին։
Նրա գնահատմամբ՝ կամ դիտավորությամբ, կամ չիմացության հետևանքով նրանք ավելի ու ավելի են վատթարացնում ՀՀ քաղաքացիների կյանքը՝ նրանց համար անելանելի պայմաններ ստեղծելով։ Կարենից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Ռուսաստանն արգելել լոլիկի արտահանումն իր շուկա, իսկապե՞ս ֆերմերները այս տարի գյուղմթերքը ԵԱՏՄ-ի կողմից սահմանված պարտադիր պայմանների խախտումով են փորձել իրացնել։ Ֆերմերը հավաստիացրեց, որ մթերքի մշակման ու իրացման հարցում ոչինչ չի փոխվել, նույն լոլիկը նաև նախորդ ժամանակահատվածում էր Ռուսաստան արտահանվում և այդ ժամանակ որևէ բողոք չի եղել։ Նա համոզված է, որ ռուսական արգելքների պատճառը ՀՀ իշխանությունների եվրոպամետությունն ու հակառուսականությունն են։ Ֆերմերը համոզված է, որ տեղական գյուղմթերքի իրացման համար ռուսական ու ԵԱՏՄ շուկան ամենահամապատասխանն են, քանի որ ԵՄ շուկայում տեղական արտադրանքը չեն ընդունի՝ այնտեղ գործող խիստ չափորոշիչների պառճառով։
«Դուք կարո՞ղ եք եվրոպական ստանդարտներին համապատասխան բերք մշակել ՀՀ-ում։ Եվրոպական ստանդարտների համաձայն՝ լոլիկը պետք է միևնույն չափսի լինի և առանց թունաքիմիկատների։ Բայց Հայաստանում հնարավոր չէ առանց թունաքիմիկատների բերք աճեցնել, քանի որ հիվանդությունները շատ են, դրանց դեմ այլ կերպ հնարավոր չէ պայքարել»,- ասում է գյուղատնտեսը։
Մյուս կողմից էլ ԵՄ շուկայում հայկական արտադրանքը այն պահանջարկը և ճանաչումը չունի, ինչ հետխորհրդային երկրներում՝ մասնավորապես Ռուսաստանում։ ԵՄ սպառողական շուկան բավականին հագեցած է գյուղմթերքների առումով և հայկական գյուղարտադրանքը չի կարող այնտեղ այնպիսի քանակությամբ իրացվել, ինչպես ռուսական շուկայում։ Ըստ մեր զրուցակցի՝ մեր գյուղմթերքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է՝ ոչ Եվրոպան, ոչ անգամ տեղական ներքին շուկան։ Տեղական շուկան այնքան փոքր է, որ արտահանման համար նախատեսված խմբաքանակը դժվար կլինի դրանում իրացնել, ինչպես հայտարարում է Գևորգ Պապոյանը։
«Դա մեր տնտեսության համար լուրջ խնդիրներ կստեղծի»,- համոզված է մեր զրուցակիցը։
Մեկ այլ ֆերմեր՝ Մուշեղը, անդրադառնալով նախարարի խոսքերին, զայրացավ՝ գյուղմթերքի գինն իջեցնելու փոխարեն թող մտածեն նաև մարդկանց աշխատավարձերը բարձրացնելու մասին, որ նրանք կարողանան ներկա գներով անկաշկանդ գյուղմթերք գնել։ Իսկ գյուղմթերքի գինն իջեցնելով՝ նախարարը նպաստում է, որ այդ ոլորտը ևս Հայաստանում անկում ապրի, ինչպես եղավ անասնաբուծության հետ։ Դրա հետևանքով մսի գինը զգալի աճեց։ Նույնը կլինի նաև գյուղմթերքի շուկայում ու շատ գյուղատնտեսներ կլքեն ոլորտը։
Թագուհի Ասլանյան

Русский