Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Պատերազմը երկար է տևելու». քաղաքագետը՝ ԱՄՆ–Իրան բանակցությունների իրական արդյունքների մասին

Blog Image

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը առաջիկա օրերին կարող է դառնալ միջազգային դիվանագիտության թատերաբեմ։

Այստեղ են պատրաստվում ժամանել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները՝ փորձելով բանակցությունների միջոցով մեղմել տարածաշրջանում աճող լարվածությունը։ Սակայն, նույնիսկ բանակցություններից ընդամենը մեկ օր առաջ, գործընթացը շարունակում է ուղեկցվել անորոշությմաբ։ Բանակցային սեղանին դրված հարցերի շուրջ դեռևս չկա հստակ պատկերացում։ Իր առաջին հայտարարություններից մեկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ քննարկումները պետք է մեկնարկեն Վաշինգտոնի ներկայցրած 15 կետանոց առաջարկների և Թեհրանի 10 կետանոց ծրագրի հիման վրա։ Սակայն իրավիճակը փոխվեց։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե Իրանի նախկինում ներկյացրած ծրագրի, այլ արդեն վերանայված տարբերակի մասին է։ Իրանցիները սկզբում  ներկայացրել են 10 կետից բաղկացած ծրագիր, որն ամբողջությամբ անլուրջ էր, և Թրամփը այն նետել է «աղբարկղը»։ 

Այս զարգացումները լուրջ հարցեր են առաջացնում՝ մենք գործ ունենք իրական բանակցային գործընթացի՞, թե՞ պարզապես դիվանագիտական ձևականության հետ։ Չնայած երեկ հայտարարված երկշաբաթյա հրադադարին, դրա կենսունանկությունն արդեն իսկ հարցականի տակ է։ 

MediaHub-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանի հետ, ով բավականին կտրուկ գնահատականներ տվեց ստեղծված իրավիճակին։

«Իմ գնահատմամբ՝ որևէ համաձայնագիր չի կնքվելու, և պատերազմը, ցավոք, գնալով ավելի երկարատև բնույթ է կրելու։ Պարզապես չի հաջողվում գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,– նշեց  քաղաքագետը։

Նրա խոսքով՝ իրավիճակը բարդացնում է նաև Իսրայելի գործոնը, որն Իրանի նկատմամբ ունի առավել կոշտ դիրքորոշում, քան նույնիսկ ԱՄՆ-ը։

«Այս պայմաններում Վաշինգտոնը ստիպված է հաշվի նստել Իսրայելի շահերի հետ, ինչն էլ ավելի է խճճում բանակցային գործընթացը»,- ընդգծեց Վանեսքեհյանը։

Անդրադառնալով երկշաբաթյա հրադադարի թեմային՝ Վանեսքեհյանը փաստում է, որ այն, ըստ էության, գոյություն չի էլ ունեցել։

«Ես կարծում եմ, որ հրադադար չի էլ եղել։ Քանի որ հայտարարվում էր, որ դրա շրջանակում պետք է դադարեցվեն նաև հարվածները Լիբանանի ուղղությամբ, սակայն հենց դրանից անմիջապես հետո նոր հարվածներ արձանագրվեցին»,– հայտնեց քաղաքագետը՝ մատնանշելով  Լիբանանում տեղի ունեցող զարգացումները։

Իսկ ինչ վերաբերում է Իսլամաբադում սպասվող հանդիպմանը, փորձագետը կանխատեսում է, որ կողմերը կփորձեն որոշակի առաջընթաց գրանցել, սակայն իրական շփման եզրեր գտնելը չափազանց դժվար կլինի։ Քաղաքագետը նաև հավանական չի համարում, որ Թրամփը կարող է գնալ ինչ-որ զիջումների պատերազմի դադարեցման համար։ 

«Չեմ կարծում։ Նա պարզապես չի կարող իրեն թույլ տալ նման քայլ։ Ցանկացած զիջում կնշանակի քաղաքական պարտություն՝ թե՛ իր, թե՛ իր կողմնակիցների համար»,- եզրափակեց խոսքը Վանեսքեհյանը։

Այսպիսով, Իսլամաբադում սպասվող բանակցությունները, չնայած բարձր ակնկալիքներին, առայժմ ավելի շատ անորոշություն են բերում, քան հստակություն։ Եվ մինչ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, տարածաշրջանը մնում է լարվածության  և անկանխատեսելի զարգացումների կիզակետում։

Ալիտա Եղիազարյան

Send