Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իրանում պատերազմը շարունակվում է․ Հայաստանը վտանգի տա՞կ է. մանրամասնում է իրանագետը

Blog Image

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ պայթունավտանգ։ Իրանի շուրջ ռազմական լարվածությունն արդեն մտել է ակտիվ դիմակայության փուլ։ MediaHub-ի հետ զրույցում իրանագետ Փույա Հոսսեյնին նշում է՝ պատերազմական գործընթաց է փաստացի ընթանում։

«Պատերազմը ընթանում է, երկու կողմերը միմյանց հարվածներ են հասցնում, և ինչպես Իրանը խոստացել է՝ տարածաշրջանային պատերազմ է։ Տարածաշրջանային երկրներին Իրանը զգուշացրել էր՝ ձեր երկրից թույլ մի տվեք, որ տեղակայված ռազմաբազայից Միացյալ Նահանգները հարվածի Իրանին, բայց, ինչպես երևում է՝ թույլ են տվել։ Դրա համար էլ Իրանը այդ ռազմաբազաները օրինական թիրախ է համարում իր համար և հարվածում է։ Պատերազմը կդադարի, երբ Իսրայելն ու Ամերիկան դադարեցնեն Իրանի վրա հարձակումը»,– նշեց իրանագետը։

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունները կարող են շարունակվել մինչև չորս շաբաթ։ Իրանագետ Հոսսեյինի գնահատմամբ՝ դա նշանակում է ուժային ճնշման շարունակություն։

«Իրենք ուզում են Իրանի բոլոր ուժերը ոչնչացնեն, որպեսզի ճնշեն քաղաքական խավը, որպեսզի վերջինս հանձնվի և բոլոր իրենց պայմանները կատարի։ Աշխարհում օրենք չկա, ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ միջազգային օրենքները չեն գործում, միայն ուժն է գործում աշխարհում։ Եվ այդ ուժային իրավիճակում Իրանը միայն ուժով է պատասխանում այդ հարվածներին։ Իրանը վաղուց երկարաժամկետ պատերազմի համար սցենարներ ունի և ամեն ինչ պատրաստել է հարձակվելու համար։ Իրանի հոգևոր առաջնորդը և բարձրաստիճան հրամանատարներ են զոհվում, բայց Իրանը անընդհատ իր պաշտպանությունը և հարձակումներն անում է։ Դա ցույց է տալիս, որ համակարգը շատ լավ է աշխատում, խուճապի մեջ չեն, և ռազմական կառույցը շատ լավ կարողանում է երկիրը պաշտպանել՝ որքան հնարավոր է, և կարողանում է պատասխան տալ բոլոր հարձակումներին»,– ընդգծեց Հոսսեյնին։

Իրանի անվտանգության գերագույն խորհրդի այն հայտարարությունը, թե Թեհրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, իրանագետի գնահատմամբ՝ կարող է բերել լարվածության շարունակության։

«Իհարկե, դա այնքան պետք է շարունակվի, որ մի կողմը զիջումների գնա և հանձնվի։ Ուժերի ցուցադրում է, սակայն  Միացյալ Նահանգների ռազմական ուժն էլ անսահման չէ տարածաշրջանում»,– նշեց  նա։

Հարցին՝ արդյոք Հայաստանը գտնվում է դեռ անվտանգ գոտում, իրանագետը պատասխանեց․ «Դեռ վտանգ չկա, բայց սա  տարածաշրջանային պատերազմ է, և կարող է ամեն վայրկյան ինչ-որ բան փոխվել։ Իհարկե, ռիսկերը կան բոլոր հարևան երկրների համար»։

Ալիտա Եղիազարյան

Send