«Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան էջում սպառողներից մեկը լուսանկար է հրապարակել և նշել, որ «Աթենք» ընկերության արտադրած նագգեթսի մեջ օտար առարկա կար՝ տոպրակի կտոր։
Այդ լուսանկարը բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել սպառողների մոտ, մեկնաբանություններում նշվում է, որ տվյալ ընկերության արտադրանքների որակը փոխվել է։
MediaHub-ը դիմեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանին, հասկանալու՝ արդյո՞ք ստուգվել է տվյալ ընկերությունը, և ի՞նչ է պատրաստվում անել ՍԱՏՄ-ն։
«Վերահսկողությունը սկսվում է ապրանքի ձեռքբերման վայրից, ապա, հետագծելիությամբ ստուգվում է նաև արտադրամասը։ Մենք պետք է գտնենք, թե որ խմբաքանակը որտեղ է հասել, այս պահին բոլոր մասնաճյուղերում ստուգումներ ունենք (բոլոր մասնաճյուղեր ասելով նկատի ունեմ ս/մ-ները, որոնք ընդգրկված են ստուգումների պլանում), կոնկրետ դեպքով և բողոքով ցանկանում ենք ստուգում բացել, դրա համար մեզ պետք է, որ քաղաքացին գրի, թե որտեղից և երբ է գնվել նշված սնունդը: Հենց տեսնենք, թե որտեղից է գնել, անմիջապես ընթացք կտանք»,- նշեց Հարությունյանը։
Մարիաննա Արամյան

Русский