Հեղուկ գազն այսօր էլի է թանկացել՝ դառնալով 180 դրամ։ Եվ սա՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի «բանակցությունների» արդյունքում, կամ, այս դեպքում պետք է ասել, հետևանքով։
Պապոյանը, որ ասում են՝ իբրև թե օր ու գիշեր զանգում է, խոսում է, բանակցում է վրացական կողմի հետ, որ հայկական գազատարները թույլ տան՝ անարգել հասնեն Հայաստան, չունի որևէ բացատրություն, թե ինչու է հեղուկ գազն օրեցօր թանկանում Հայաստանում, եթե գազի դիֆիցիտ չկա, ու գազատարները արդեն նորմալ անցնում են սահմանը։ Թվում էր, թե կառավարության նիստից հետո Պապոյանն այսօր պետք է մոտենար լրագրողներին ու պատասխաներ թե՛ հեղուկ գազի, թե՛ ծաղիկ արտահանողների խնդիրների վերաբերյալ կուտակված հարցերին, բայց նա ոչ միայն չմոտեցավ լրագրողներին՝ օգտվելով այն հանգամանքից, որ իր գործընկեր նախարարն է ամբիոնի մոտ արդեն խոսում, այլև հենց մենք մոտեցանք, որ հարց տանք, հեղուկ գազի մասին լսելուն պես՝ պուկ փախավ։
Իրականում, Պապոյանը ոչինչ չունի ասելու, քանզի իր բանակցությունները, եթե կարելի է դրանց այդպես անվանել, որևէ արդյունք կամ օգուտ չեն տալիս։ Նա ուղղակի չի կարողանում, ի վիճակի չէ այս հարցը լուծել, չունի այն քաշը, կշիռն ու բանակցային հմտությունները, որ մեր բարեկամ վրացիների հետ կարողանա այնպես հարաբերվել, որ հայ տնտեսավրողների ու ամբողջ ազգաբնակչության համար խնդիրներ չառաջացնեն մեր հարևանները։ Գուցե շատ է ուզում Պապոյանն այս հարցը լուծել, բայց փաստ է, որ չի կարողանում։ Բայց դա չի նշանակում, որ նա իրեն պետք է այսպես անպատասխանատու պահի՝ փախչելով մեր հարցերից ու չբարեհաճելով որևէ պարզաբանում ներկայացնել իրավիճակի վերաբերյալ։
Հանուն արդարության նշենք, որ հեղուկ գազի թանկացումն ու, առհասարակ, վրացական կողմի այս «կապրիզները» իրենց օբյեկտիվ պատճառները ևս ունեն, որոնք այդքան էլ էկոնոմիկայի նախարարության տիրույթում չեն։ Բանն այն է, որ հարևան Վրաստանում վերջին շրջանում քաղաքական փոփոխությունները լրիվ անկառավարելի վիճակ են ստեղծել։ Երբեմնի կոռուպցիայի դեմ պայքարող, կաշառքն ու փող վերցնելը գրեթե իսպառ բացառած Վրաստանն այժմ վերադարձել է «հին ու բարի» 90-ականներ, երբ ճանապարհին բառացիորեն ռեկետի էին ենթարկում բեռնափոխադրողներին՝ ամեն քայլափոխի կանգնեցնելով ու փող պոկելով նրանցից։
Հիմա նույնը իրականացնում են մի փոքր ավելի քաղաքավարի մեթոդներով՝ ամեն մեքենայի համար, ինչ-որ պատրվակներ բերելով, 1000-1500, սկզբնական շրջանում ընդհուպ 2000 դոլար պահանջելով։ Մեզ ասացին, որ երբեմնի անկաշառ վրացի մաքսավորներն էլ, պարեկային ծառայությունն էլ արդեն համատարած ու բացահայտ փող են վերցնում, Ռուսաստանից ավելի վատ վիճակ է ստեղծվել Վրաստանում, և սա պետական մակարդակով կարգավորելը դարձել է շատ բարդ, քանզի ինչ-որ մաֆիա է ձևավորվել, որն էլ իր ձեռքն է վերցրել այս ամբողջ ֆինանսական շարժերը։ Ու քանի որ բեռնափոխադրումները կողքից փող աշխատելու լավ աղբյուր են, փողի համն էլ արդեն առել են, չեն կարողանում հրաժարվել արդեն այս գայթակղիչ սովորությունից։
Ահա սա է պատճառը նաև, որ դժվարացել է վրացական կողմի հետ քաղաքական մակարդակով բանակցելը, քանզի բանակցության միակ արդյունավետ մեթոդը մնացել է փողը։ Բայց սա չի նշանակում, որ անհնար է, ուղղակի լավ բանակցող է պետք։
Սրան էլ գումարվել է այն, որ վերջին մեկ-երկու օրում նաև հեղուկ գազի գինն է բարձրացել Ռուսաստանում՝ միջինը 10-15 դրամով, ինչը ներկրողները պայմանավորում են սեզոնով, ասում են՝ այս սեզոնին հեղուկ գազի պահանջարկը մեծանում է, և գազը թանկանում է։ Արդյունքում ստացվում է, որ հեղուկ գազ ներկրողները հերիք չի՝ արդեն թանկ գնով են ձեռք բերում գազը, մի բան էլ ճանապարհին կաշառքներ են բաժանում վրացիներին, ինչի հետևանքով Հայաստան մտնող գազի ինքնարժեքն էականորեն բարձրանում է՝ հանգեցնելով գազի շուկայում վաճառքի գների բարձրացման։ Կարճ ասած՝ խեղճ Պապոյանն ինչ անի, եթե վրացիներն ու ռուսներն են համը հանում, հատկապես, որ ինքն էլ տեղից խեղճ է ու անկարող։ Դա, իհարկե, որևէ կերպ չի արդարացնում Պապոյանի անգործությունը կամ անպտուղ գործունեությունը։
Վահե Մակարյան