Սրբազանների առողջական վիճակը լավ է, իրենց լավ են զգում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ ներկայացնելով երկամսյա կալանքի տակ գտնվող Բագրատ և Միքայել սրբազաններին երեկ գիշեր կատարած այցից որոշ մանրամասներ։
Հիշեցնենք, որ երկու սրբազանները ԱԱԾ մեկուսարանի նույն խցում են գտնվում։
«Ամեն բան նորմալ է, առողջականը նորմալ է։ Սրբազանների տրամադրությունն էլ է նորմալ։ Այս ամենին վերաբերում են հումորով, գիտակցում են, որ սա էլ կանցնի, որ սա քաղաքական հետապնդման դրսևորում է։ Իրենք հստակ գիտեն, որ իրենց մեկուսացնելով փորձել են հող ստեղծել առաջիկայում և՛ եկեղեցու դեմ, և՛ այլ բռնաճնշումների համար»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ Բագրատ և Միքայել սրբազանները հասկանում են, որ այս իշխանությունը փորձում է իրենց մեկուսացնել, որպեսզի հաջորդ ամոթալի զիջումների ժամանակ իրենք չկարողանան իրենց ձայնը հնչեցնել։
Հիշեցնենք, որ Բագրատ և Միքայել սրբազաններին մեղադրում են «ահաբեկչությամբ իշխանափոխություն» կատարելուն նախապատրաստվելու մեջ։ Իշխանական քարոզչամեքենա հանդիսացող Civic.am-ում հրապարակվել է այդ «ահաբեկչության պլան»-ը, որից հետո ՔԿ-ն նաև ձայնագրություններ է հրապարակել։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Բագրատ սրբազանը պահանջում է հրապարակել ամբողջական ձայնագրությունները։ Եթե լսենք, թե այդ հրապարակված հատվածներից առաջ և հետո ինչ է ասվում, ապա պատկերն ամբողջությամբ կփոխվի։ Կոնտեքստից դուրս հատվածը, որ տեղադրել են՝ փորձելով հանրության վրա ինչ-որ տպավորություն գործել, թե խոսքն ահաբեկիչների մասին է, վտահ եմ, ամբողջական ձայնագրությունների հրապարակումից հետո այլ տպավորություն կթողնի»,- նշեց մեր զրուցակիցը։
Սերգեյ Հարությունյանը նկատեց՝ իրենք միջնորդություն են ներկայացնելու, որպեսզի ամբողջական ձայնագրությունները տրամադրվի իրենց։
«Բայց միջնորդություն ներկայացնենք-չներկայացնենք, իրենք պատճառաբանում են, թե նախաքննական գաղտնիք է, այս պահին նպատակահարմար չէ տրամադրել այդ ձայնագրությունները։ Խտրական, անարդար պայմաններ են ստեղծված»,- ամփոփեց խոսքը փաստաբանը։
Նարե Գնունի