Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում 3 տարեկան երեխա է կորել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեծ թվով փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ։
Արդեն 5 ժամից ավելի է՝ փրկարարները, պարեկները, համայնքային ու քրեական ոստիկանները, կարելի է ասել ողջ գյուղը Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայտնաբերեն 3-ամյա տղային։ Նա մի քանի ժամ առաջ է կորել ու ծնողները, երբ տեսել են, որ երեխան տանն ու տան հարակից տարածքում չէ, ահազանգել են 911:
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով Ծափաթաղ են ժամանել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը և 20-ից ավել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ։
Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանն իր աշխատակազմով և Ծափաթաղի գյուղապետարանի ողջ անձնակազմը։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ Արտանիշ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոնվող երեխան 3-ամյա Տիգրան Օ.-ն է, իսկ ծնողները նրան փնտրում եմ ժամը 15:30-ից սկսած։
