Հայաստանում պատրաստվում են արգելել երեխայի հայրության ճանաչումը այն անձի կողմից, որը նրա կենսաբանական ծնողը չէ։ Այս մասին ԱԺ–ում հայտարարվեց օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, սակայն այս կարևոր հարցը համարժեք ուշադրության չարժանացավ։
Հիշեցնենք, այս դրույթն առաջարկվում է «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթով և հարակից օրենքներում փոփոխություններով:
Ստացվում է, որ ամբողջ աշխարհը շարժվում է մի ուղղությամբ, Հայաստանը՝ այլ, ամբողջ աշխարհում հայրություն ճանաչելը համարվում է ոչ միայն հարգանքի արժանի, այլև իրավական և հասարակական պատասխանատվության կարևոր դրսևորում, մինչդեռ Հայաստանում ոմանք որոշում են նման լուրջ փոփոխություն կատարել ընտանիքի մոդելում:
MediaHub-ը դիմել էր ՄԻՊ–ին, հասկանալու՝ արդյո՞ք Անահիտ Մանասյանի հետ քննարկվել են այս փոփոխությունները, և ի՞նչ կարծիք ունի նա սույն հարցի շուրջ։
«Տեղեկացնեմ, որ այս հարցի վերաբերյալ մեզ կարծիքի համար նախագիծը եկել է 2023թ–ի մայիսին, որում փաթեթի վերջին տարբերակում ներկայացված չի եղել այդ հարցը, կենսաբանական հոր վերաբերյալ փաթեթի մեջ այդ հարցը ներառված չի եղել։ Այդ դրույթն ավելացվել է քննարկման հաջորդ փուլերում, հաջորդ տարիներին, որը ՄԻՊ աշխատակազմի կարծիքին չի ներկայացվել»,– նշեցին ՄԻՊ–ից։
Սակայն ՄԻՊ գրասենյակից ավելին չնշեցին, և մեր հարցը, ըստ էության, մնաց անպատասխան՝ արդյո՞ք այս փոփոխության մեջ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երեխայի իրավունքի ոտնահարում տեսնում է, թե՞ ոչ:
Նշենք, որ այս փոփոխությունը բուռն քննարկումների առարկա է դարձել համացանցում, ահա մի քանի կարծիք.
«Հայրը նա չէ, ով կենսաբանական է, այլ նա, ով դաստիրակել, կրթություն տվել և ապահովել է ամեն ինչով»։
«Երեխայի կենսաբանական հայրերը երկրից թռչում են և անհետանում, բա դրանց նմաններին օրենքով ի՞նչ պետք է անեք»։
«Երեխա ունեմ, կարող է մի օր որոշում եմ երկրորդ անգամ ամուսնանալ ու ցանկանում եմ ամուսինս օրինական հայրություն ճանաչի, բա հետո՞»։
«Այնքան ջահել մայրեր են մնացել առանց ամուսին պատերազմից հետո, այսինքն, իրավունք չունե՞ն նորից երջանիկ լինելու ու որ իր երեխային էլ հայրություն ճանաչեն, տիրություն անեն»։
«Իմ կենսաբանական հայրը ինձ ո՛չ զանգում է, ո՛չ գրում է, ասեմ ավելին՝ ինձ ասել է՝ ես ուզում եմ քեզանից հրաժարվեմ։ Իսկ ոչ կենսաբանական հայրս, ամեն ինչ արել է ինձ համար, աբսուրդի ժանրից է այս օրենքը»։
Մարիաննա Արամյան