Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

219 զոh, 300 վիրավnր, 22 անհետ կորած. վառելիքի պահեստի պայթյունը նման էր դժոխքի

Blog Image

2 տարի առաջ այս օրը Արցախի համար դժոխային էր. ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 200-ից ավելի մարդ մահացավ, շուրջ 2 տասնյակը մինչև հիմա անհետ կորած են համարվում:

Այդպես էլ չպարզվեց` ի՞նչ է տեղի ունեցել իրականում և ովքե՞ր են այս ողբերգության համար պատասխանատու: Շրջափակումից հյուծված, թշնամու ագրեսիան դեռ չմարսած արցախցիները կանգնեցին նոր, ավելի դաժան իրականության առաջ:  

Այդ օրերին հսկայական օգնություն է ցուցաբերել Արցախի ՆԳՆ–ն, ԱԻՆ–ը․ MediaHub—ը զրուցեց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանի հետ, ով ականատեսն է ողբերգության բոլոր երանգներին:

«2023թ–ի սեպտեմբերի  25–ը Արցախի կյանքի հերթական ու ամենածանր օրերից մեկն էր, այդ օրը տեղի ունեցավ ողբերգական պայթյունը: Արդեն սեպտեմբերի 23–ից բացվել էր դեպի ՀՀ ճանապարհը. մարդիկ շտապում էին րոպե առաջ գտնել վառելիք և դուրս գալ Արցախից, քանի որ բանակի կազմաքանդման լուրերը վրա էին հասել, և մարդիկ արդեն հասկացել էին, որ պահեստային ֆոնդում կար վառելիք ու այն պետք է բաժանվեր բենզալցակայաններին և կտրոններով տրամադրվեր ժողովրդին, բայց տագնապը ամեն ինչ արագացրեց»,– նշեց Թադևոսյանը։

Ըստ խոսնակի՝ մարդիկ հավաքվել էին Ստեփանակերտի և Ասկերանի միջև գտնվող վառելիքաքսուքային նյութերի պահեստի տարածքում, ու  իրենք իրենց ձևով հայթայթում էին վառելիքը։ Հետո արդեն պարզ կդառնա, որ անվտանգության կանոնները չէին պահվում, կիրառվել են սուր գործիքներ, տարածքում մարդիկ անգամ ծխում էին։

«Շատ ծանր գիշեր էր. ամբողջ գիշեր աշխատում էինք անհետ կորածների, զոհվածների հարազատների հետ, և այդ պահին ահազանգ եղավ, որ պայթյուն է եղել։ Դեպքի վայր մեկնեցի նաև ես, այդ տեսարանը ուղղակի դժոխք էր. մի կողմից անձրևը, մի կողմից՝ ծուխը, մյուս կողմից ավելի ուժեղացող կրակը և այդ ամենի հետ մարդկանց աղաղակող ձայները դեռ մեր ականջներում են․․․ մարդիկ մեկը մյուսին նման էին, բոլորը սևացած, մերկ ու օգնություն էին խնդրում: Ցավոք, նրանցից շատերը չդիմացան, այդ պայթյունից ունեցանք 219 զոհ, 300 վիրավոր, 22 անհետ կորած։ Ստեփանակերտի հիվանդանոցներում շրջափակման պատճառով չկար դեղորայք, օգնություն էինք խնդրում ՀՀ-ից, հաջորդ օրը ուղղաթիռներ եկան և ծանր վիճակում գտնվող հիվանդներին տարհանեցինք»,- նշեց նա։

Հիշելով այդ օրը՝ Թադևոսյանն ասաց, որ Արցախի վերջին շունչն էր, Արցախը վիրավոր էր, պատերազմի և հայտարարված գաղթի, անորոշության մեջ այդ հերթական ողբերգությունը չպետք է տեղի ունենար․․․

Զոհվածներից շատերը զինվորականներ էին, որոնք իջել էին դիրքերից վառելիք հայթայթելու և իրենց ընտանիքների հետ տարհանվելու համար, կային նաև կանայք, անչափահասներ, շատերը զոհվեցին ամբողջ ընտանիքով։ Միայն 2025թ–ին Եռաբլուր պանթեոնում խաչքար կանգնեցվեց, որը հավերժացնում է կրակից զոհ դարձած մեր հայրենակիցների անմահ հիշատակը։

Մարիաննա Արամյան

Send