Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել էր դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։
Պահանջն է հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։
MediaHub-ի հետ զրույցում Ռոման Երիցյանը նշեց, որ այս պահին դատարանը դեռ քննարկում է հայցադիմումն ընդունելու հարցը։
Փաստաբանը ակնկալում է, որ դատարանը հայցադիմումը կընդունի վարույթ և հայցի ապահովում կկիրառի, ինչպես նաև մինչև վճիռը կայացնելը կարգելի «Հայոց պատմություն» գրքի ուսուցումը դպրոցներում։
Ճշտող հարցին՝ եթե ամեն դեպքում դատարանը չբավարարի իրենց հայցը և դպրոցներում ուսուցումը շարունակվի այդ դասագրքով, որում, ինչպես իրենք են պնդում հայցադիմումի մեջ, զրպարտություն է զետեղված, ի՞նչ են պատրաստվում անել, Երիցյանն արձագանքեց. «Պետք է սպասել դատարանի վճռին»։
Ապա հավելեց՝ վճռական են պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ։
Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերի սկզբին էր փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածել դատարան դիմելու մասին։ Սամվել Շահրամանյանը, մասնավորապես, զրպարտություն է համարում դասագրքում ներկայացված այն տողերը, համաձայն որի՝ ինքը «ստորագրել է Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը» կամ որ ինքը «հանդիսանում է Արցախի անկման կամ Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ անցնելու հեղինակը»:
Էմմա Մարտիրոսյան